ԱԱրման Գալոյան

Նոր օրինագիծ՝ սահմանամերձ գյուղերի սոցիալական բեռը թեթևացնելու համար

Նոր օրինագիծ՝ սահմանամերձ գյուղերի սոցիալական բեռը թեթևացնելու համար

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի, Սիփան Փաշինյանի հեղինակած  «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքի փոփոխությունների նախագիծն այսօր դրական եզրակացություն է ստացել գլխադասային մշտական հանձնաժողովում:

Սիսակ Գաբրիելյանը մեկնաբանել է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է ադրբեջանական զինված ուժերի ուղիղ նշանառության տակ գտնվող բնակավայրերի բնակիչների սոցիալական բեռը որոշակի չափով նվազեցնելու անհրաժեշտությամբ: Ըստ այդմ, նախատեսվում է սահմանամերձ համայնքների 1-12-րդ դասարանների սովորողների` անվճար դասագրքեր ստանալու հնարավորություն:

Բացի դրանից՝ սահմանամերձ համայնքներում և դրանց հարակից տարածքներում ականների պայթյունից կամ Ադրբեջանի տարածքից իրականացված ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետևանքով վիրավորված անձինք հնարավորություն են ստանում բուժվելու պետպատվերի շրջանակներում:

Նախագիծը նպատակ ունի սահմանամերձ համայնքներում վերոնշյալ իրադարձությունների հետևանքով առաջին, երկրորդ կամ երրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած անձանց, ինչպես նաև զոհված քաղաքացիների ընտանիքներին տրամադրել նաև միանվագ գումարային հատուցում:

Ըստ Գաբրիելյանի՝ նախագծով առաջարկվում է 3 տարով երկարացնել գործող օրենքի ժամկետը, որն այդ համայնքներում ապրող մեր հայրենակիցներին հնարավորություն կտա մինչև 2024 թ. հունվարի 1-ը ստանալ փոխհատուցում սպառած բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի համար, ինչպես նաև ազատվել օրենքով նախատեսված մի շարք պարտադիր վճարներից:

Նախագիծը ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում ստացել է դրական եզրակացություն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում