Արցախի Հանրապետությունը 29 տարեկան է

ՆՆարեկ Սահակյան

1991 թվականի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նիստում հռչակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

Մարզխորհրդի պատգամավորն ասում է՝ Հայաստանին միանալու արցախահայության պահանջը խորհրդային իշխանություններն անտեսում էին:

Սպարտակ Թևոսյան (Արցախյան շարժման ակտիվիստ) - Տեսանք, որ ո՛չ սովետական իշխանությունը, ո՛չ Ադրբեջանի իշխանությունը չեն ընդառաջում, այսինքն՝ չեն բավարարում մեր՝ 88-ի պահանջները, մենք արդեն ասացինք, որ ոչ մեկի հետ էլ չենք միանում, մենք առանձին հանրապետություն կդառնանք:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հռչակվել է ԽՍՀՄ գործող սահմանադրության հիման վրա, երբ միությունից դուրս գալու դեպքում ինքնավար կազմավորումներն իրավունք ունեին ինքնուրույն որոշելու սեփական կարգավիճակը:

Վերլուծաբան Նելլի Բաղդասարյանի գնահատմամբ՝ արցախահայության նախորդ բոլոր որոշումները նախապատրաստել են սեպտեմբերի երկուսի հռչակագիրը:

Նելլի Բաղդասարյան (քաղաքական վերլուծաբան) - Խոսքս մասնավորապես վերաբերում է 1990 թվականի ապրիլի 3-ին ԽՍՀՄ կազմից դուրս գալու, միութենական հանրապետությունների, ինքնավար մարզերի դուրս գալու կարգին, որը, փաստորեն, իրավական շատ լուրջ հիմք է հռչակման համար: Եվ 1991 թվականի օգոստոսի 31-ին, փաստորեն, Ադրբեջանը հռաչկվեց Ադրբեջանի հանրապետություն, իսկ սեպտեմբերի 2-ին հռչակվեց Արցախի Հանրապետությունը:
Ամիսներ անց՝ դեկտեմբերի 10-ին, արցախահայությունը համաժողովրդական հանրաքվեով այո է ասել անկախության հռչակագրին: Իսկ 1992 թվականի հունվարի 6-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն Խորհուրդն ընդունել է պետական անկախության մասին հռչակագիրը:

Նելլի Բաղդասարյան - Այս փաստը, որ անընդհնատ շահարկվում է Ադրբեջանի կողմից, որ ԼՂԻՄ-ը մաս է կազմել Ադրբեջանին, մենք բացառում ենք: Այսինքն, մենք փաստում ենք, որ ԼՂՀ-ն և Ադրբեջանը որպես անկախ պետություններ դուրս են եկել ԽՍՀՄ կազմից և հռչակվել են:

Ինքնորոշման իրավունքն իրացնելով՝ արցախահայությունը ստիպված էր անցնել պարտադրված պատերազմով և անհավասար պայմաններում հաղթել Ադրբեջանին: Նորակախ Արցախի հասակակից Գեղամ Ստեփանյանի համար անկախությունն ինքնության անբաժան մաս է, որն ավագ սերունդն է ապահովել:

Գեղամ Ստեփանյան (Ստեփանակերտի բնակիչ) - Ասվում է, չէ՞, անկախությունը տկարների և հոգով թույլերի ուտելիքը չէ, անկախությունը կարող են ճաշակել միայն ուժեղները: Մեր պարագայում այդ ուժն ավելի նյութական է դառնում, երբ, օրինակ, լինում ենք ազատագրված տարածքներում: Երբ Տիգրանակերտի ամրոցից նայում ես դեպի արևելք ու բացվող հորիզոնն ավելի նյութական է դարձնում անկախության և ազատության համար մեր ժողովրդի ձգտումը:
Արցախ պետությունը 29 տարեկան է:

Իսկ Հայաստանին վերամիավորվելու երազանք շատերն ունեն: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում