ՄՄարիա Գաբրիելյան

Քննարկվել են COVID-19-ի պայմաններում խոցելի երեխաներին տրամադրվող ծառայությունները

Քննարկվել են COVID-19-ի պայմաններում խոցելի երեխաներին տրամադրվող ծառայությունները

Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանն այսօր հեռավար ձևաչափով մասնակցել է «COVID-19 համավարակի պայմաններում խոցելի երեխաներին տրամադրվող ծառայությունների և երեխաների պաշտպանության արագ արձագանքման համակարգի ուժեղացում» ծրագրի բացմանը։ Այն իրականացվում է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության աջակցությամբ և ուղղված է համակարգի ամրապնդմանը, կարողությունների զարգացմանն ու կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին արագ արձագանքելուն։

Փոխնախարար Գալյանը ողջունել է ծրագրի բացման երկօրյա դասընթացին մասնակցող ներկայացուցչական կազմին և նշել, որ արդարադատության նախարարությունը մեծապես կարևորում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և հատկապես բռնության ենթարկված երեխաներին համալիր աջակցության տրամադրումը։ Այդ համատեքստում Սրբուհի Գալյանը մեծապես կարևորել է Միացյալ Թագավորության դեսպանության  հետ իրականացվող  ծրագիրն ու շնորհակալություն հայտնել ՄԹ գործերի նոր ժամանակավոր հավատարմատար, դեսպան Հելեն Ֆեյզին:

Փոխնախարարը հույս է հայտնել, որ ծրագրի շրջանակում հնարավոր կդառնա վերհանել ոլորտում առկա խնդիրները և փորձել գտնել ընդունելի լուծումներ: Այդ առումով Սրբուհի Գալյանը շեշտել է Հայաստանում երեխաներին վերաբերող առկա համակարգերը առավել համագործակցային և երեխայակենտրոն դարձնելու անհրաժեշտությունը և նշել, որ այդ խնդիրներն արտացոլված են նախարարության նախագծած վերջին օրենսդրական բարեփոխումներում:

Բացման խոսքով են հանդես եկել նաև Հայաստանում Բրիտանական դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար, դեսպան Հելեն Ֆեյզին, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Նելլի Դուրյանը։

Դասընթացի շրջանակում «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ տնօրենի վերականգնողական ծրագրերի իրականացման հարցերով տեղակալ, ծրագրի ղեկավար Գայանե Հովակիմյանը ներկայացրել է ծրագրի ընդհանուր դրույթները, արդարադատության նախարարության քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ, ծրագրի փորձագետ-դասընթացավար Արփինե Սարգսյանն անդրադարձել է քրեական արդարադատության ոլորտում երեխաների իրավունքների պաշտպանության ընդհանուր ռազմավարությանն ու դրանք արտացոլող իրավական նախագծերին։

Դասընթացը կշարունակվի նաև օգոստոսի 28-ին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում