ԱԱրման Գալոյան

Գևորգ Բաղդասարյանը նշանակվել է գլխավոր դատախազի տեղակալ

Գևորգ Բաղդասարյանը նշանակվել է գլխավոր դատախազի տեղակալ

ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում նոր աշխատանքի անցնելու և գիտամանկավարժական առավել ներգրավված գործունեությամբ զբաղվելու կապակցությամբ, իր անձնական դիմումի հիման վրա, ՀՀ գլխավոր դատախազի հրամանով այսօր զբաղեցրած պաշտոնից ազատվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Դավիթ Մելքոնյանը՝ տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:

Օգոստոսի 24-ին հրավիրված ՀՀ դատախազության կոլեգիայի նիստի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շնորհակալություն է հայտնել պարոն Մելքոնյանին նախորդ ավելի քան 6 տարիների ընթացքում դատախազության համակարգում ներդրած մեծ ավանդի, կատարած բարեխիղճ, նվիրված, ծավալուն, արդյունավետ աշխատանքի համար, հաջողություն մաղթել նրան պետության համար ոչ պակաս կարևոր գիտակրթական ոլորտում իր հետագա աշխատանքի ընթացքում: 

ՀՀ գլխավոր դատախազը տեղեկացրել է, որ Դավիթ Մելքոնյանի բարձր պրոֆեսիոնալ հատկանիշները, գիտական միտքը ՀՀ դատախազության համակարգի զարգացմանը ծառայեցնելու նպատակով, իր հրամանով նա կնշանակվի ՀՀ դատախազությունում նոր ձևավորվող գիտամեթոդական խորհրդի նախագահ:

Հրավիրված կոլեգիայի նիստին, առաջնորդվելով «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում նշանակելու համար առաջարկել է Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանի թեկնածությունը, որը միաձայն հավանության է արժանացել կոլեգիայի անդամների կողմից: 

ՀՀ գլխավոր դատախազի օգոստոսի 24-ի հրամանով Գևորգ Բաղդասարյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ:

ՀՀ գլխավոր դատախազությունը ներկայացրել է նաև Գևորգ Բաղդասարյանի կենսագրությունը:

Գևորգ Սուրենի Բաղդասարյանը ծնվել է 1987 թ. հոկտեմբերի 14-ին Լոռու մարզի Ալավերդի քաղաքում: 2007 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, իսկ 2009 թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան:

2012 թ. մարտի 30-ին ԵՊՀ-ում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

2008 թ. փետրվարի 12-ից մինչև 2008 թ. հոկտեմբերի 8-ը աշխատել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության կրտսեր մասնագետ, իսկ 2008 թ. հոկտեմբերի 8-ից մինչև 2013 թ. մարտի 15-ը՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահի խորհրդական:

2013 թ. մարտի 15-ին նշանակվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության դատախազ, իսկ 2013 թ. նոյեմբերի 1-ին՝ Երևան քաղաքի դատախազության դատախազ:

2014 թ. մարտի 17-ից մինչև 2014թ. մայիսի 8-ը աշխատել է ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության ավագ դատախազ, 2014 թ. մայիսի 8-ից մինչև 2015 թ. մարտի 30-ը՝ նույն վարչության պետի տեղակալ: 2015 թ. մարտի 31-ից մինչև 2016 թ. հոկտեմբերի 12-ը աշխատել է որպես Երևան քաղաքի դատախազի տեղակալ:

ՀՀ գլխավոր դատախազի 2016 թ. հոկտեմբերի 12-ի հրամանով նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետ:

ՀՀ գլխավոր դատախազի 2018 թ. հուլիսի 11-ի հրամանով նշանակվել է Երևան քաղաքի դատախազ:

Արդարադատության առաջին դասի խորհրդական է:

ՀՀ դատախազության կոլեգիայի եւ ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի անդամ է:

ՀՀ արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի անդամ է:

Բարձրագույն որոկավորման կոմիտեի թիվ 001 մասնագիտական խորհրդի անդամ է;

2009 թվականից զբաղվում է գիտամանկավարժական գործունեությամբ:

Դասավանդում է Հայաստանի Ֆրանսիական համալսարանում, ՀՀ արդարադատության ակադեմիայում և Երևանի պետական համալսարանում:

Հեղինակ է մեկ մենագրության, 26 գիտական հոդվածների, համահեղինակ է մեկ գիտագործնական ձեռնարկի:

ՀՀ նախագահի 2017 թ. հունիսի 29-ի հրամանագրով պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում