ԱԱրման Գալոյան

Այս տարվա առաջին կիսամյակում պետական բյուջեի ծախսերն աճել են 20.3 տոկոսով

Այս տարվա առաջին կիսամյակում պետական բյուջեի ծախսերն աճել են 20.3 տոկոսով

2020 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով պետական բյուջեի ծախսերը կազմել են 765.6 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 20.3%-ով՝ 1lurer.am-ը տեղեկացավ ՀՀ ֆինանսների նախարարության հաշվետվությունից:

«Ընթացիկ ծախսերը կազմել են 719.8 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 17.4%-ով, որը ներառում է նաև հակաճգնաժամային ծրագրերի իրականացումը և առողջապահական ծախսերի աճը»,- նշված է նախարարության հաշվետվության մեջ:

Փոխարենը, սակայն, այս տարվա առաջին կիսամյակում նվազել են հարկային եկամուտները. հիմնական պատճառը կորոնավիրուսի համավարակի հետևանքով կիրառված սահմանափակումներն են:

«Համավարակի հետևանքով առաջացած տնտեսական ճգնաժամն իր ազդեցությունն է ունեցել ՀՀ պետական բյուջեի եկամուտների, հատկապես՝ հարկային եկամուտների վրա: Այսպես, 2020 թվականի ապրիլին նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ հարկային եկամուտները նվազել են 9.1%-ով, մայիսին նվազման տեմպն արագացել է՝ հասնելով 20.8%-ի, իսկ հունիսին անկումը կազմել է արդեն 32.1%: Արդյունքում՝ 2020 թվականի առաջին կիսամյակում պետական բյուջեի ընդհանուր եկամուտները կազմել են 716.7 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 5.5%-ով, իսկ հարկեր և տուրքերը կազմել են 680.3 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 4.6%-ով»,- հայտնում է նախարարությունը:

Հարկային եկամուտների նվազմանը նպաստել են նաև ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում իրականացված շահութահարկի գծով փոփոխությունները: «Դրանց նպատակն է շահութահարկի կարգավորումները դարձնել տնտեսական շրջափուլի կոնկրետ տարվա զարգացումներին համարժեք արձագանքող, ինչը համավարակի ազդեցությամբ բնորոշվող այս տարվա համար նշանակում է նաև օժանդակություն շահութահարկ վճարող տնտեսավարող սուբյեկտների շրջանառու ֆինանսական միջոցների հետ կապված խնդիրների լուծմանը: Ըստ կատարված փոփոխությունների՝ ամբողջությամբ վերանայվել է շահութահարկի կանխավճարների համակարգը, և սահմանվել է, որ 2020 թվականի երկրորդ եռամսյակի համար տնտեսավարող սուբյեկտները շահութահարկի կանխավճարներ առհասարակ չեն իրականացնելու»,- նշված է հաշվետվության մեջ:

Նախարարությունը նաև մանրամասնել է համավարակի պատճառով տնտեսական անկմանը հակազդելու միջոցառումները:

«Տնտեսական անկմանը հակազդելու, ինչպես նաև հետագա վերականգնումը խթանելու նպատակով՝ կառավարությունը 2020 թվականին իրականացնելու է 150 մլրդ դրամ (ՀՆԱ-ի 2.3%-ի չափով) ընդհանուր գումարի չափով սոցիալ-տնտեսական աջակցության միջոցառումների ծրագիր՝ հետևյալ հիմնական ուղղություններով.

  • 25 մլրդ դրամ՝ տնտեսվարողներին աջակցության ծրագրեր, որոնք ուղղված են ընթացիկ իրացվելիության խնդիրների լուծմանը.
  • 25 մլրդ դրամ՝ սոցիալական աջակցության ծրագրեր.
  • 80 մլրդ դրամ՝ տնտեսության վերականգնման և երկարաժամկետ զարգացմանն ուղղված ծրագրեր.
  • 20 մլրդ դրամ՝ պահուստային միջոցներ անհրաժեշտ վերաբաշխումներ իրականացնելու համար»,- նշված է հաշվետվության մեջ:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում