ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ՝ Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում ստեղծված իրավիճակի մասին տեղեկատվություն փոխանցելու, ինչպես նաև իրավիճակին համարժեք լուծումներ գտնելու ճանապարհները քննարկելու նպատակով: Դեսպանների հետ հանդիպման ժամանակ Նախագահն ասել է.
«Հայաստանի Հանրապետությունը` որպես 1994 թվականի Զինադադարի համաձայնագրի կողմ, շարունակելու է լիարժեքորեն կատարել Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովման իր պարտավորությունները: Ավելին, ես հրահանգել եմ արտաքին գործերի նախարարությանը՝ աշխատել Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու ուղղությամբ: Եվ այստեղ պետք է նշեմ՝ մեկ անգամ չէ, որ ես հայտարարել եմ, որ եթե, իրոք, ռազմական գործողությունները շարունակվեն և ստանան լայնածավալ մասշտաբ, Հայաստանի Հանրապետությունը ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի անկախությունը»: ՀՀ Նախագահի խոսքն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ:










