ՆՆարե Ոսկանյան

Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ

Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ

Փետրվարի 12-ին աշխատանքային այցով Ավստրիայում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը: 

Նախարար Մնացականյանը նշել է, որ Հայաստանը, հանդիսանալով խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի օգտագործման ջատագով, մեծապես կարևորում է ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը: Կողմերը բարձր են գնահատել Հայաստանի ու ԱԷՄԳ-ի միջև առկա արդյունավետ համագործակցությունը և պատրաստակամություն հայտնել համատեղ ջանքեր գործադրել փոխգործակցության նոր հորիզոնների ուղենշման և առկա ներուժի լիարժեք կիրառման ուղղությամբ:

Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի և ԱԷՄԳ-ի միջև փոխգործակցության օրակարգի մի շարք հարցերի, մասնավորապես՝ Մեծամորի ատոմակայանի աշխատանքի ժամկետների ու անվտանգ գործունեության, միջուկային էներգետիկայի զարգացման և միջուկային անվտանգության հարցերին: ԱԷՄԳ գլխավոր տնօրենը բարձր է գնահատել միջուկային էներգետիկայի բնագավառում անվտանգության բարձրացման ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացվող շարունակական բարեփոխումները:

Նախարարն առանձնահատուկ մատնանշել է միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման կարևորությունը Հայաստանի տնտեսական զարգացման և էներգետիկ անվտանգության հարցում: Այդ համատեքստում որպես հեռանկարային ուղղություն երկուստեք ընդգծվել է միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման շուրջ Հայաստանի և Գործակալության միջև արդյունավետ համագործակցությունն առողջապահության ոլորտում: 

Միջուկային էներգետիկայի խաղաղ նպատակներով օգտագործման համատեքստում մտքեր են փոխանակվել նաև միջազգային ու տարածաշրջանային զարգացումների շուրջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում