ՆՆարե Ոսկանյան

Ցմահ դատապարտյալներին 15 տարվա ազատազրկումից հետո հնարավոր կլինի ներում շնորհել. օրինագիծ

Ցմահ դատապարտյալներին 15 տարվա ազատազրկումից հետո հնարավոր կլինի ներում շնորհել. օրինագիծ

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել և դրական եզրակացություն է ստացել Կառավարության և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի և Վահե Էնֆիաջյանի  ներկայացրած օրենքի նախագիծը, որով փոփոխություն է առաջարկվում «Ներման մասին» օրենքում:

Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը ներկայացրել է, որ նախագիծը կնպաստի ներում շնորհելու ինստիտուտն առավել թափանցիկ և հաշվետու դարձնելուն, հանցագործության հետևանքով տուժած անձանց շահերի պաշտպանությանը:  Գործող կարգավորումների համաձայն կարող է առաջանալ այնպիսի իրավիճակ, երբ դատապարտյալը ներկայացնում է ներման խնդրագիր, սակայն պատժից ազատվում օրենքով նախատեսված այլ հիմքով: Այս պարագայում ներման խնդրագրի ճակատագիրը մնում է չլուծված: Գալյանը նշել է, որ սահմանվել է օբյեկտիվ իրականությամբ պայմանավորված հստակ ժամկետ, որով ներման խնդրագրի հիման վրա պահանջվող տեղեկատվությունը կներկայացվի նախարարություն: Ժամկետը սահմանվել է 10 օր: Նաև սահմանվել է ժամկետ՝ անձնական գործը ներման հանձնաժողով ներկայացնելու: 

«Ներկայիս սեղմ ժամկետների փոխարեն, որոնք միշտ գործնականում խախտվում են, սահմանվել է 45-օրյա ժամկետ: Ամրագրվել է տուժողների և նրանց իրավահաջորդների հստակ պաշտպանության մեխանիզմ: Առանձնապես ծանր հանցագործներից տուժողներին կամ նրանց իրավահաջորդներին անհրաժեշտ է մինչև հանձնաժողովի նիստը կայանալը ծանուցել նիստի մասին: Նախատեսվում է նրանց հնարավորություն ընձեռել գրավոր ձևով ներկայացնել իրենց կարծիքը»,- ընդգծել է Գալյանը:

Նախագծով նախատեսվել է նաև որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտված և ցմահ ազատազրկման դատապարտվածների համար ավելի վաղ ժամկետներում ներում շնորհելու հնարավորության ընթացակարգ: Որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտված և ազատազրկման ձևով պատիժ կրող անձին կարող է ներում շնորհվել, եթե նա  փաստացի կրել է պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատվելու համար պատժի օրենքով սահմանված մասի կեսը: Ցմահ դատապարտյալների համար սահմանվել է, որ ներում կարող է շնորհվել, եթե նրանք կրել են ազատազրկման ոչ պակաս, քան 15 տարին: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում