ՆՆարե Ոսկանյան

«Հոգեբուժական օգնության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը հավանություն ստացավ

«Հոգեբուժական օգնության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը հավանություն ստացավ

Կառավարությունն այսօր հավանություն տվեց «Հոգեբուժական օգնության մասին» օրենքում  և կից օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծին, որով նախատեսվում է օրենսդրորեն ամրագրել հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքները` անկախ նրանց գտնվելու վայրից, սահմանել դատահոգեբուժական փորձաքննությունների իրականացման ընթացակարգը` սահմանելով փորձաքննությունների իրականացման կոնկրետ ժամկետներ: 

«Ամրագրվում է, որ նման սահմանափակումները կարող են իրականացվել բացառապես հոգեբուժական հանձնաժողովից տվյալ պահին դրա հետազոտող կամ բուժող բժիշկ-հոգեբույժի պատճառաբանված որոշմամբ: Առաջին անգամ օրենքով ամրագրվել է ֆիզիկական զսպման, մեկուսացման միջոցների, հանդարտեցման մեթոդների կիրառման կարգը՝ սահմանելով նաև դրանց կիրառման տևողությունը»,- ընդգծեց նախարարը:

Նախատեսվում է սահմանել բժշկական օգնության և սպասարկման պայմանները, ֆիզիկական զսպման կամ մեկուսացման միջոցների կամ հանդարտեցման մեթոդների իրականացման կարգը և պայմանները, սահմանել ֆիզիկական ուժի հասկացությունը՝ հիմք ընդունելով Խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (ԽԿԿ) կողմից 2017 հաստատված ստադարտները, սահմանել ընտանեկան բժշկի կողմից հոգեբուժական օգնության և սպասարկման տրամադրման հնարավորություն՝ առողջապահության նախարարի հրամանով սահմանված հոգեբուժական օգնության և սպասարկման ծավալի և կարգի շրջանակներում:

Առաջարկվում է օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց հոգեբուժական օգնությունը և սպասարկումը տրամադրել վճարովի հիմունքներով, բացառությամբ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրով նախատեսված դեպքերի: Գործող մեխանիզմներ կսահմանվեն՝ «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքը համահունչ դարձնելով նաև Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիային:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում