Հոգեբուժական օգնության մասին օրենքում փոփոխություն կատարելու և կից օրենքներում փոփոխություններ կատարելու հարցի քննարկման ժամանակ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդգծել է, որ սահմանվելու են հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքները՝ անկախ նրանց գտնվելու վայրից: Կարգավորվելու են հոգեբուժական կազմակերպություններում գտնվող հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի իրավունքների սահմանափակման դեպքերը:
«Ամրագրվում է, որ նման սահմանափակումները կարող են իրականացվել բացառապես հոգեբուժական հանձնաժողովից տվյալ պահին դրա հետազոտող կամ բուժող բժիշկ-հոգեբույժի պատճառաբանված որոշմամբ: Առաջին անգամ օրենքով ամրագրվել են ֆիզիկական զսպման, մեկուսացման միջոցների, հանդարտացման մեթոդների կիրառման կարգը՝ սահմանելով նաև դրանց կիրառման տևողությունը»,- ընդգծել է նախարարը: Ամրագրվել է նաև լիազոր մարմնի կողմից հաստատված ծավալի սահմանում ընտանեկան բժիշկների հոգեբուժական օգնության և սպասարկման տրամադրման հնարավորությունը:










