ՀՀայկարամ Նահապետյան

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Նիդեռլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը ողջունել է պարոն Բլոկի այցը մեր երկիր և վստահություն հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի հայ-նիդեռլանդական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ընդլայնմանը: Կարևորելով բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը՝ վարչապետը հավելել է, որ այս տարի նախատեսվում է նաև

իր պաշտոնական այցը Նիդեռլանդներ, ինչը դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր կլինի Հայաստանի ղեկավարի առաջին այցն այդ երկիր:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ՀՀ կառավարությունը կարևորում է երկկողմ համագործակցությունը ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ու հումանիտար բնագավառներում:

Այնուհետև վարչապետն անդրադարձել է Հայաստանում ժողովրդավարության զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի ուղղություններով, դատական համակարգում և այլ ոլորտներում իրականացվող բարեփոխումներին և ընդգծել, որ ՀՀ կառավարությունը նշված ուղղություններով ձևակերպել է հագեցած և հավակնոտ օրակարգ և հետևողականորեն գնում է այն կյանքի կոչելու ճանապարհով:

Նիկոլ Փաշինյանը ողջունել է Նիդեռլանդների խորհրդարանի կողմից Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը, ինչը կարևոր նշանակություն ունի եվրոպական գործընկերների հետ հարաբերությունները և համատեղ ծրագրերն ընդլայնելու առումով:

Ստեֆ Բլոկը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ ակնհայտ տեսանելի են Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացներն ու բարեփոխումները, և ընդգծել, որ իր երկրի կառավարությունը ևս պատրաստ է փոխգործակցության արդյունքում նպաստել դրանց արդյունավետ իրականացմանը:

Նիդեռլանդների ԱԳ նախարարը հեռանկարային է համարել համագործակցությունը տնտեսության, այդ թվում՝ գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ինչպես նաև հումանիտար բնագավառներում: Պարոն Բլոկը համոզմունք է հայտնել, որ վարչապետ Փաշինյանի այցը Նիդեռլանդների Թագավորություն ևս կնպաստի երկկողմ հարաբերությունների օրակարգի հաստացմանն ու ընդլայնմանը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, ինչպես նաև տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում