ՎՎարդան Հովսեփյան

Արցախը որևէ պարագայում չի կարող լինել Ադրբեջանի կազմում. Նաղդալյան

Արցախը որևէ պարագայում չի կարող լինել Ադրբեջանի կազմում. Նաղդալյան

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի պատասխանը՝ Բաքվի հակահայկական ջարդերի 30-րդ տարելիցի վերաբերյալ հարցին:

Հարց. Այս տարի լրացավ Բաքվի հակահայկական ջարդերի 30-րդ տարելիցը, որի համատեքստում Հայաստանում անցկացված միջոցառումները նյարդային արձագանքների արժանացան Ադրբեջանի իշխանությունների, մասնավորապես՝ ԱԳ նախարարության և նախագահի օգնականի կողմից: Ինչպե՞ս կգնահատեք դա:

Պատասխան. Նախ կուզենայի ընդգծել, որ Բաքվի հակահայկական ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ Երևանում անցկացվեցին հիշատակի մի շարք կարևոր միջոցառումներ, իսկ միջազգային մամուլում եղան և մինչ օրս շարունակվում են բազմաթիվ հրապարակումներ, որոնք անդրադառնում են Բաքվի հայկական համայնքի բարբարոսական ոչնչացմանը:

Ցավոք, այս տարի ևս Ադրբեջանի իշխանությունների շարունակեցին ուղղակի կամ անուղղակի կերպով Բաքվում 30 տարի առաջ իրականացված հակահայկական ջարդերի կազմակերպիչների և այդ ջարդերն իրականացնողների գործողությունների արդարացումը: Ավելին, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի կողմից անօգնական մարդկանց հանդեպ հաշվեհարդար տեսած ջարդարարները հերոսացվեցին` որպես «շահիդներ», իսկ Ադրբեջանի ԱԳՆ-ն մեղադրեց հայերին սումգայիթյան եղեռնագործության իրականացման մեջ:

Ադրբեջանական կողմը բանեցնում է բոլոր ոճրագործներին բնորոշ գործելակերպ՝ զոհերին մեղադրելով ոճրագործության մեջ և ժխտելով խաղաղ պայմաններում անզեն մարդկանց հրապարակային և համակարգված ոչնչացման իր պատասխանատվությունը: 

Սա ևս մեկ անգամ աներկբա ընդգծում է, որ որևէ պարագայում հայ ժողովրդի որևէ հատվածի անվտանգության պատասխանատվությունը չի կարող վստահվել Ադրբեջանի իշխանություններին: Ակնհայտ է, որ Արցախը որևէ պարագայում չի կարող լինել Ադրբեջանի կազմում, և Արցախի ժողովուրդը չի կարող մնալ առանց պաշտպանության համար անհրաժեշտ անվտանգության գծերի։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում