ՆՆարե Ոսկանյան

Հեղափոխությունից հետո մկան ծակ փնտրող օլիգարխները հիմա կազմավորում են նախկին բանդաները. Բաբաջանյան

Հեղափոխությունից հետո մկան ծակ փնտրող օլիգարխները հիմա կազմավորում են նախկին բանդաները. Բաբաջանյան

Ազգային ժողովում այսօր պատգամավոր Արման Բաբաջանյանն իր ելույթում  ընդգծել է, որ հեղափոխությունից շուրջ երկու տարի անց  լրջագույն խնդիրներ կա պետության ու հասարակության համար կենսական նշանակության ոլորտներում՝ իրավապահ  մարմիններում և դատական համակարգում:

«Միայն մղձավանջային երազում կարելի էր պատկերացնել, որ հեղափոխությունից հետո Հայաստանի ոստիկանապետի պաշտոնը զբաղեցրած անձը դառնալու է ռուսահայ օլիգարխներից մեկի գլխավոր «ախրաննիկը», իսկ Ազգային անվտանգության ծառայության ղեկավարը պաշտոնաթողությունից հետո ամեն օր սպառնալու է  իշխանությանը շանտաժներով և այլ գրառումներով: Այս ամենի հետևանքով այսօր երկրում կրկին գլուխ է բարձրացրել հանցավորությունը, և դրա հետևանքն է այն իրողությունը, որ հեղափոխությունից հետո վախվորած օլիգարխներն այսօր սկսել են վերանվաճել իրենց նախկին դիրքն ու ազդեցությունը, իսկ դրան գումարվում է նաև անցյալի մնացուկ դատական համակարգի խայտառակ պատկերը»,- նշել է Բաբաջանյանը:

Արման Բաբաջանյանն իր ելույթում անդրադարձել է նաև Սահմանադրական դատարանին, նշելով. «2017 թվականի համապետական ընտրությունների պաշտոնական արդյունքների վավերացման պետության զավթումը վավերացրած  Սահմանադրական դատարանի  այսպես կոչված անդամները շարունակում են դիրքավորված մնալ հատուկ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի, նրանց կամակատար, հանցագործ, թալանչի պաշտոնյաների պաշտպանության համար՝ փորված խրամատում: Մամուլում ՍԴ առանձին անդամների վերաբերյալ անհանգստացնող հրապարակումներ կան, որոնք ոչ միայն սասանում են ՍԴ հեղինակությունը, այլև մեծապես հարվածում են մեր պետության ինքնիշխանությանն ու անվտանգությանը: Ստեղծված իրավիճակի պատճառով օլիգարխները, որոնք հեղափոխությունից հետո մկան ծակ էին փնտրում մտնելու համար, հիմա ստանձնում են իրենց դիրքերը և կազմավորում են նախկին բանդաները, որովհետև խոսքից բացի ուրիշ բան չի եղել մեզանում:  Երկու տարվա մեջ թալանչի ոչ մի օլիգարխի  և նախկին պաշտոնյայի դեմ օրինական ուժի մեջ մտած ոչ մի դատավճիռ չկա»,- ընդգծել է պատգամավորը:

Արման Բաբաջանյանը կոչ է արել բոլորին, իշխանությանը,  խորհրդարանին՝ ավելի հետևողական և արագ գործելու՝ օրինական, վճռական, բայց հատու քայլերով ու միջոցներով: «Վեթինգ, անցումային արդարադատություն, իրական բարեփոխումներ դատական համակարգում պետության բռնազավթման վերաբերյալ քաղաքական գնահատական. սա գործողությունների ու քայլերի ոչ ամբողջական, բայց անհրաժեշտ քայլերի համախումբ է»,-ընդգծել է Բաբաջանյանը: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում