ՆՆարե Թադևոսյան

ԵՄ-ն գոհ է Հայաստանում բարեփոխումների իրականացման առաջընթացից

ԵՄ-ն գոհ է Հայաստանում բարեփոխումների իրականացման առաջընթացից

Դեկտեմբերի 16-ին Բրյուսելում կայացել է ԵՄ-ՀՀ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ներքո ստեղծված ԵՄ-ՀՀ գործընկերության կոմիտեի երկրորդ հանդիպումը, որի ժամանակ քննարկվել է համաձայնագրի կատարման ընթացքը:

ԵՄ-ՀՀ գործընկերության կոմիտեի համատեղ հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

«Համաձայնագիրը կարևոր դերակատարում ունի ՀՀ Կառավարության հավակնոտ և երկարաժամկետ ռազմավարական տեսլականին համահունչ բարեփոխումների իրականացման և երկրի արդիականացման գործում:

Եվրոպական միությունն իր գոհունակությունը հայտնեց մինչ այժմ Հայաստանի կողմից բարեփոխումների օրակարգի իրականացման առաջընթացի կապակցությամբ, մասնավորապես, դատական և հակակոռուպցիոն նոր ռազմավարությունների ուղղությամբ: Միևնույն ժամանակ Եվրամիության և Հայաստանի միջև առկա է հաջողված համագործակցություն ԵՄ-ՀՀ արդարադատության երկխոսության շրջանակում: ԵՄ կողմն ընդգծեց Հայաստանի կողմից որդեգրված բարեփոխումների ուղու շարունակումը, այդ թվում՝ մարդու իրավունքների պաշտպանության ապահովման տեսանկյունից։ Բարեփոխումը պետք համապատասխանի իրավունքի գերակայության հիմնական սկզբունքներին և հիմնված լինի բոլոր շահագրգիռ կողմերի, ներառյալ՝ քաղհասարակության հետ ընդգրկուն երկխոսության և գործընկերության վրա: Որպես Հայաստանի բարեփոխումների առանցքային գործընկեր՝ ԵՄ-ն պատրաստ է տրամադրել բարեփոխումների մշակման և իրականացման, ինչպես նաև ԵՄ չափանիշներին մոտարկման ուղղությամբ Կառավարության կարողությունների ուժեղացման համար անհրաժեշտ փորձագիտական և ֆինանսական հետագա աջակցություն:

Գործընկերության կոմիտեն քննարկեց նաև ՀԸԳՀ-ի իրականացման ընթացքը տրանսպորտի, էներգետիկայի և շրջակա միջավայրի բնագավառներում՝ ուղղորդելով դեպի հետագա առավել մանրամասն քննարկումների կազմակերպմանը փորձագետների մակարդակով ԵՄ-Հայաստան էներգիայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի, կլիմայի գործողության և քաղաքացիական պաշտպանության հարցերով ենթակոմիտեի շրջանակում, որը տեղի կունենա 2020 թվականի մարտին Երևանում։

Եվրամիության և Հայաստանի միջև կշարունակվի կրթական բարեփոխումների շուրջ երկխոսությունը: Կողմերը հետամուտ կլինեն համագործակցությանը հետազոտությունների ոլորտում «Հորիզոն 2020» ծրագրի ներքո և խորհրդակցություններ կսկսեն «Հորիզոն Եվրոպա» ծրագրի շուրջ։ Ավելին, ԵՄ-ն և Հայաստանը կդիտարկեն երիտասարդության ռազմավարության և գործողությունների ծրագրի մշակման հնարավորությունները:

Քննարկվեցին նաև տնտեսական զարգացման, անվտանգության, Արևելյան գործընկերության և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր:

Հանդիպումը համանախագահում էին Արտաքին գործողության եվրոպական ծառայության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով գլխավոր տնօրենի տեղակալ Լյուկ Դևինը և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում