ՆՆարե Ոսկանյան

Ադրբեջանի հետ որևէ փաստաթուղթ չի քննարկվում. Նաղդալյան

Ադրբեջանի հետ որևէ փաստաթուղթ չի քննարկվում. Նաղդալյան

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն այսօր ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հարցազրույցին, որն առնչվել է նաև Լեռնային Ղարաբաղի հարցին, նշել է, որ Հայաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում հստակ ներկայացվել է նաև վերջերս Բրատիսլավայում ԱԳ նախարարի ելույթի ժամանակ: Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն Ադրբեջանի իր գործընկերոջ հետ հանդիպումից հետո նշել է, որ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հիմքը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն է, որը պետք է իրացվի առանց սահմանափակման և հարկադրման:

Նաղդալյանն ընդգծել է. «Առանց սահմանափակման ասելով նկատի ունենք, որ Արցախի ժողովուրդը կարող է որոշել ինքնորոշման ցանկացած տարբերակ. այն է՝ Արցախի ժողովուրդը իրավունք ունի պահպանել և սահմանել իր կարգավիճակը Ադրբեջանի ինքնիշխանությունից և տարածքային ամբողջականությունից դուրս: Այն բոլոր առաջարկները, որոնք չեն ապահովում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը, չեն կարող ընդունելի լինել Հայաստանի համար:

Ինչ վերաբերում է անվտանգության ձևակերպումներին, որ Հայաստանը չի սահմանում անվտանգության վերաբերյալ իր մոտեցումները: Ադրբեջանը 30 տարուց ավել ձգվող իր հայատյաց քաղաքականությամբ փաստել է, որ որևէ պարագայում չի կարող ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը: Վերջերս Ադրբեջանի նախագահը մեղադրում էր հայերին Սումգայիթի հակահայկական ջարդերի կազմակերպման և իրականացման համար, և նման միջավայրում անգամ ավելորդ է դիտարկել Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի անվտանգության երաշխավորման հնարավորությունը»:

ԱԳՆ մամուլի խոսնակն ընդգծել է, որ Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն է, և Արցախի անվտանգությունը ենթակա չէ զիջման: «Չի կարող լինել իրավիճակ, որ Արցախի ժողովուրդը մնա առանց պաշտպանության համար անհրաժեշտ անվտանգության: Ադրբեջանը կա՛մ ընկալումների հետ կապված որոշակի խնդիրներ ունի, կա՛մ պարզապես չի ցանկանում ընկալել: Նրանք բավականին լավ ընկալում են այն բոլոր  անվտանգության դիտարկումները, որոնք հայկական կողմը ներկայացնում է, պարզապես ձևացնում են, որ կարողանան արդարացնել իրենց առավել պաշտոնական դիրքորոշումն այս հարցում»,- ասել է Աննա Նաղդալյանը: 

Նաղդալյանը նաև նշել է, որ ներկա փուլում Ադրբեջանի հետ որևէ փաստաթուղթ չի քննարկվում: Նա ընդգծել է, որ Արցախի և Հայաստանի պարագայում սպառնալիքի լեզուն չի գործելու, իսկ Ղարաբաղյան հակամարտության չկարգավորման հիմնական պատճառը Ադրբեջանի առավելապաշտական դիրքրոշումն է, և դրա հիման վրա որևէ  առաջընթաց բացառվում է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում