Խորհրդարանն այսօր միաձայն ընդունեց ԵԱՏՄ անդամ պետությունների և Վիետնամի կենտրոնական մաքսային մարմինների միջև տեղեկատվության փոխանակման վերաբերյալ օրենքի նախագիծը:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը նշել էր, ո արձանագրությունը ԵԱՏՄ անդամ երկրների և Վիետնամի կենտրոնական մաքսային մարմինների միջև տեղեկատվության փոխանակման վերաբերյալ է, որը բխում է 2015-ի մայիսի 29-ին ԵԱՏՄ անդամ երկրների և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև կնքված ազատ առևտրի մասին համաձայնագրից: Համաձայնագիրը 2016-ի հուլիսին վավերացվել է ՀՀ ազգային ժողովի կողմից, և նախատեսվում է մաքսային մարմինների միջև տեղեկատվության փոխանակում:
Տեղեկատվության փոխանակումը համաձայնագրով նախատեսված է եղել իրականացնել 3 փուլով. առաջին փուլը՝ 2018-ի հոկտեմբերի 5-ին, երկրորդը՝ 2019-ի հոկտեմբերի 5-ին և երրորդը՝ 2021-ի հոկտեմբերի 5-ին: Ստորագրման պահին Հայաստանը ունեցել է վերապահում, որ արձանագրությունը Հայաստանի համար ուժի մեջ է մտնում դիվանագիտական խողովակներով պետությունների միջև փոխանակման և ներպետական համաձայնեցման բոլոր գործընթացներ իրականացնելուց և ԱԺ-ի կողմից վավերացնելուց հետո: Արձանագրությունը նախատեսում էր նախնական տեղեկատվական փոխանակում դեռ 2018-ի հոկտեմբերի 5-ից, սակայն Հայաստանն արձանագրության շրջանակում տեղեկատվության փոխանակման չի մասնակցել:
Տեղեկատվության փոխանակումն իրականացվելու է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջոցով: Նախատեսվում է, որ տեղեկատվությունը պետք է փոխանակվի մաքսային մարմնի կողմից այդ տեղեկատվությունը հայտնի դառնալու պահից սկսած 4 ժամվա ընթացքում:










