Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Կայուն զարգացման միջազգային ինստիտուտի (IISD) նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Պատրիսիա Ֆուլերի հետ։
Նախարարը շնորհակալություն է հայտնել Երևանում կայացած COP17-ին և հայկական նախագահության նախաձեռնություններին ցուցաբերած աջակցության համար՝ առանձնացնելով կենսաբազմազանությանը վնասող խթանների վերափոխման և դրական խթանների խրախուսման ուղղությամբ համատեղ աշխատանքը։
Այս համագործակցության կարևոր արդյունքներից են «Կենսաբազմազանության համար դրական խթանների վերաբերյալ Երևանի կոչը», «18-րդ թիրախի բարեկամներ» նախաձեռնությունը և «Կենսաբազմազանության ֆինանսավորման Երևանի մարտահրավերը»։
Համբարձում Մաթևոսյանն անդրադարձել է նաև Earth Negotiations Bulletin-ի թիմի աշխատանքին՝ ընդգծելով, որ դրա ամենօրյա մասնագիտական լուսաբանումը կարևոր աջակցություն է եղել պատվիրակությունների և շահագրգիռ կողմերի համար՝ բանակցությունների ընթացքին և տարբեր դիրքորոշումներին հետևելու տեսանկյունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Երևանում մեկնարկած նախաձեռնությունները գործնական արդյունքների վերածելու, երկրների միջև փորձի փոխանակման, ինչպես նաև Հայաստանում կենսաբազմազանության ֆինանսավորման ուղղությամբ համագործակցության հնարավորությունները։










