Նոյեմբերի 11-ին Ծաղկաձորում տեղի է ունեցել ՆԳ նախարարին կից երիտասարդական խորհրդի հերթական նիստը, որը վարել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:
Նախարարը ողջունել է խորհրդի անդամներին և ներկայացրել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության ընթացքը՝ անդրադառնալով գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումներին և դրանց իրականացման ուղղությամբ արձանագրված առաջընթացին։
Անդրադառնալով նոր կենսաչափական համակարգի ներդրմանը՝ նախարարն ընդգծել է, որ գործընթացի շրջանակում ապահովվել են երկու կարևոր բաղադրիչ՝ օրենսդրական դաշտի ձևավորումն ու անհրաժեշտ ենթակառուցվածքների ներդրումը։ Նա նշել է, որ նոյեմբերի 1-ից կենսաչափական համակարգն ամբողջությամբ գործարկվել է՝ հավելելով, որ ԵՄ գնահատման առաքելությունն ուսումնասիրել է նաև համակարգի անվտանգային չափանիշները։
Անդրադառնալով առաջիկա անելիքներին և մարտահրավերներին՝ Արփինե Սարգսյանը առավել բարդ ուղղություններից առանձնացրել է սահմանների համալիր կառավարումը։ Նա ընդգծել է, որ այս գործընթացը բազմաշերտ է և պահանջում է պետական մարմինների սերտ համագործակցություն։
Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել ակտիվ քննարկում՝ ՆԳ նախարարության գործառույթների, Ոստիկանության առջև դրված խնդիրների, հանցավորության դեմ պայքարի և այլ հարցերի շուրջ։ Արփինե Սարգսյանը պատասխանել է երիտասարդների հարցերին, լսել նրանց դիտարկումներն ու առաջարկները։
Հանդիպումն անցկացվել է «Հաշվետու, արդյունավետ և գենդերազգայուն ինստիտուցիոնալ կառուցակարգեր ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունում և Փրկարար ծառայությունում» (AEGIS) ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ՄԱԶԾ-ի և ԵԱՀԿ-ի կողմից՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ։










