Նոյեմբերի 2-ին ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի մասնակցությամբ տեղի է ունեցել «ՀայՓաս» ընկերության Գյումրու նոր գրասենյակի բացման արարողությունը։ Միջոցառմանը ներկա է գտնվել նաև Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը։ Այս մասին հայտնում է ՆԳՆ-ն։
ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանն ու «ՀայՓաս» ընկերության ղեկավար Ռեջիս Բուշյեն, կտրելով խորհրդանշական ժապավենը, ազդարարել են գրասենյակի բացումը։
Ռեջիս Բուշյեն ներկայացրել է մատուցվող ծառայությունները, քաղաքացիների սպասարկման համար ստեղծված պայմանները, ինչպես նաև տվյալների անվտանգությունն ապահովող լուծումները։




Ներկաները շրջել են գրասենյակում, ծանոթացել կենսաչափական տվյալների հավաքագրման և փաստաթղթերի տրամադրման ընթացակարգերին, զրուցել աշխատակիցների հետ և մաղթել արդյունավետ աշխատանք։
Նորաբաց գրասենյակն արդեն ընդունել է առաջին այցելուներին։
Նոյեմբերի 2-ին հանրապետության մարզերում գործարկվել է «ՀայՓասի» ընդհանուր առմամբ 12 գրասենյակ՝ նոր կենսաչափական փաստաթղթերի տրամադրման ծառայություններն ավելի հասանելի դարձնելով քաղաքացիների համար։
Նոր սպասարկման մշակույթի հիմքում տվյալների ճշգրտությունն ու պաշտպանվածությունն են, հստակ և պարզեցված ընթացակարգերը, ինչպես նաև քաղաքացու հարմարավետությունը՝ որպես առաջնահերթություն։










