Իսրայելում ամփոփել են խորհրդարանական ընտրությունների արդյունքները, սակայն պաշտոնապես դրանք կհայտարարվեն նոյեմբերի 4-ին։ Քվեաթերթիկների 100%-ի հաշվարկից հետո առաջատար է գործող վարչապետ Բենիամին Նեթանյահուի կենտրոնամետ-աջակողմյան «Լիքուդ» կուսակցությունը։ Այնուամենայնիվ, ո՛չ «Լիքուդ»-ին, ո՛չ էլ նրա հիմնական մրցակցին՝ կենտրոնամետ «Յաշար» կուսակցությանը, չի հաջողվել մեծամասնություն ստանալ։
«Լիքուդ»-ը ստացել է ձայների 20,51%-ը, իսկ «Յաշար»-ը՝ 16,06%-ը։ Այսպիսով, Նեթանյահուի կուսակցության գլխավորած դաշինքը Քնեսեթում կարող է ստանալ 53 տեղ, իսկ ԳՇ նախկին պետ Գադի Այզենկոտի ընդդիմադիր կուսակցության գլխավորած դաշինքը՝ 48 մանդատ։
Ռեկորդային թվով՝ 19 տեղ կարող են ստանալ արաբական ուժերը։ Հարկ է նշել, որ «Լիքուդ»-ը կամ «Յաշար»-ը կարող են մեծամասնություն ձևավորել միայն եթե կոալիցիա կազմեն արաբական կուսակցությունների կամ միմյանց հետ, սակայն դա, ըստ տարբեր գնահատականների, քիչ հավանական է թվում։
Մեծամասնության համար անհրաժեշտ է 61 տեղ։ Եթե ի վերջո կողմերից որևէ մեկին չհաջողվի կառավարություն ձևավորել, Քնեսեթի նոր ընտրություններ կնշանակվեն։ Այս ֆոնին Նեթանյահուի «Լիքուդը» հայտարարել է, թե ընտրությունները «գողացվել են»։
Ծայրահեղ աջ քաղաքական գործիչ Իտամար Բեն-Գվիրը կոչ է արել ձերբակալել արաբական կուսակցությունների առաջնորդներին՝ մեղադրելով նրանց Կատարից ֆինանսավորում ստանալու մեջ։ Ընդդիմադիր «Յաշար» կուսակցությունն էլ մեղադրել է «Լիքուդ»-ին ընտրությունների արդյունքները խափանելու փորձի մեջ։
Մանրամասները՝ տեսաշարում:












