Մի քանի օր առաջ SpaceX-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը հրամայել էր սահմանափակել Ուկրաինայի զինված ուժերի կողմից օգտագործվող Starlink արբանյակային կապի համակարգի ռազմական տարբերակը։ Այս մասին հայտնել է The Wall Street Journal (WSJ)-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին և այլ անանուն տեղեկացված աղբյուրների։
Նրանց խոսքով՝ դա խանգարել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերին պաշտպանական և հարձակողական գործողություններ իրականացնել:
Wall Street Journal-ը հաղորդում է, որ Մասկը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսով քննարկել են Starlink-ի վերաբերյալ որոշումը, այն բանից հետո, երբ սահմանափակվել է ուկրաինական բանակի համար նախատեսված արբանյակային կապի համակարգի արագությունը։ Մի աղբյուր էլ հայտնել է, որ զրույցը տեղի է ունեցել արագության դանդաղեցումից առաջ։
«Որոշ ամերիկացի պաշտոնյաներ հայտարարում են, որ Մասկը գործել է միակողմանի, և Թրամփը ուղղակի ցուցումներ չի տվել Ուկրաինայի նկատմամբ պատասխան գործողությունների վերաբերյալ: Սակայն իրավիճակին ծանոթ աղբյուրը հայտնել է, որ նախքան արագության նոր սահմանափակում մտցնելը, Մասկը խորհրդակցել է վարչակազմի մի քանի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ Թրամփի»,- գրում է պարբերականը:
Մասկը, նրա SpaceX ընկերությունը (Starlink-ի օպերատորը) և Սպիտակ տունը անմիջապես չեն արձագանքել այդ թեմայի հետ կապված Reuters-ի հարցումներին։










