ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի 6-րդ կոմիտեի՝ «1949 թվականի Ժնևի կոնվենցիաներին կից՝ զինված հակամարտությունների ընթացքում զոհերի պաշտպանությանն առնչվող լրացուցիչ արձանագրությունների կարգավիճակը» օրակարգային կետի շրջանակում ՀՀ պատվիրակությունը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը միջազգային մարդասիրական իրավունքին՝ ընդգծելով Ժնևի կոնվենցիաների և դրանց լրացուցիչ արձանագրությունների համընդհանուր կիրառման և արդյունավետ իրականացման կարևորությունը։ Ելույթում առանձնահատուկ ընդգծվել է զինված հակամարտություններից տուժած բոլոր անձանց պաշտպանության, մասնավորապես՝ ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման անհրաժեշտությունը։
Ներկայացուցչությունից հայտնում են, որ Հայաստանը շեշտել է, որ ազատությունից զրկված բոլոր անձինք պետք է արժանանան մարդասիրական վերաբերմունքի՝ նրանց արժանապատվության լիարժեք հարգմամբ, իսկ կիրառելի իրավական երաշխիքները, այդ թվում՝ ազատ արձակման և հայրենադարձության վերաբերյալ դրույթները, պետք է ամբողջությամբ պահպանվեն։ Անդրադառնալով 19 հայերի շարունակվող գերությանը, ինչպես նաև անհայտ կորած անձանց ճակատագրի և գտնվելու վայրի պարզման ու բռնի անհետացման դեպքերին՝ ընդգծվել է առկա հումանիտար խնդիրների հրատապ լուծման անհրաժեշտությունը՝ միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների միջազգային իրավունքի շրջանակներում։
Ներկայացվել են նաև ազգային մակարդակում ձեռնարկված կոնկրետ քայլերը՝ միջազգային մարդասիրական իրավունքի իրականացումն ամրապնդելու ուղղությամբ։ Մասնավորապես, միջազգային մարդասիրական իրավունքը ներառվել է զինված ուժերի և համապատասխան պետական կառույցների վերապատրաստման ծրագրերում, ռազմական և դիվանագիտական անձնակազմի մասնագիտացված ուսուցման ծրագրերում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ համագործակցությամբ, ընդունվել է «Ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց մասին» հատուկ օրենքը։










