Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները հոկտեմբերի 13-ին հերթական այցն են իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ տևական ժամանակ հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից:
Դիտարկվել են ազատությունից զրկվածների իրավունքների ապահովման, առողջական վիճակին, անհրաժեշտ բժշկական օգնության տրամադրման և պատշաճ բժշկական հսկողության ապահովմանն առնչվող հարցերը:
Բարձրացված վերաբերելի հարցերը քննարկվել են նաև քրեակատարողական հիմնարկի վարչակազմի և բժշկական անձնակազմի հետ։
Առանձնազրույցների բովանդակությունը և անձանց բժշկական գաղտնիք կազմող տեղեկությունները ենթակա չեն հրապարակման:
Թեև հացադուլ հայտարարելն անձի իրավունքն է, և ՄԻՊ հաստատությունը հացադուլի վարման պետության պարտավորությունները մշտապես քննարկման առարկա է դարձնում` այդ հանգամանքը նկատի ունենալով, ազատությունից զրկված անձանց ներկայացվել են տևական ժամանակ հացադուլի մեջ գտնվելու հնարավոր բացասական հետևանքները նրանց առողջական վիճակի վրա:
Ազատությունից զրկման վայրերում իրավունքների ապահովման հարցերը մշտապես գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո:
Այցերի շրջանակում ազատությունից զրկված անձանց ներկայացրած հանգամանքները, ինչպես նաև վերհանված խնդիրները մանրամասն վերլուծվում են, հասցեավորվում իրավասու պետական մարմիններին, իսկ համակարգային խնդիրների վերաբերյալ ներկայացվում են նաև համապատասխան առաջարկներ՝ ոլորտը բարելավելու նպատակով:










