Քաղաքացիներին մատուցվող հանրային ծառայություններն առավել հասանելի դարձնելու նպատակով՝ 2025 թվականի մարտ ամսից ՆԳՆ սպասարկման գրասենյակները հանրապետության տարբեր բնակավայրերում իրականացնում են շրջիկ սպասարկում։
Մինչ օրս ավելի քան 40 բնակավայրում ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակի մասնագետները 946 անգամ քաղաքացիներին մատուցել են թե՛ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայությունները։ Իրականացվել է 2134 գործարք, 600-ից ավելի անձի տրամադրվել է խորհրդատվություն։
Չարենցավան համայնքում ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակը մատուցել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության՝ 380, հաշվառման-քննական բաժինների՝ 22 ծառայություն, Գառնիում՝ համապատասխանաբար 353 և 27, Վարդենիսում՝ 408 և 8։
Շրջիկ սպասարկման գրասենյակների յուրաքանչյուր այցից առաջ իրականացվում է ծառայությունների մատուցման վայրի և ժամանակացույցի վերաբերյալ պատշաճ իրազեկում։ Հայտարարությունները հրապարակվում են ՆԳՆ պաշտոնական կայքում և սոցիալական բոլոր հարթակներում, եթեր են հեռարձակվում մարզային հեռուստաընկերություններով, իսկ տեղում իրազեկումը կազմակերպում են համայնքների ներկայացուցիչները։
Առաջնորդվելով առավել քաղաքացիակենտրոն մոտեցմամբ ՆԳ նախարարությունը բարեփոխումների շրջանակում կվերաձևակերպի շրջիկ ձևաչափով սպասարկման մոտեցումները խոցելի խմբերի համար ընդլայնելով մատուցվող ծառայությունների հասանելիությունը։ Շրջիկ սպասարկման նոր տրամաբանությամբ մասնագետները տարածքային բաժիններ այցելել չկարողացող անձանց անհրաժեշտ ծառայությունները կմատուցեն իրենց բնակության վայրում՝ տնայցերի միջոցով։












