Հոկտեմբերի 12–14-ը Բեռլինում ընթացող Bar Convent Berlin (BCB) բարային և ալկոհոլային արդյունաբերության միջազգային ցուցահանդեսում Հայաստանն արդեն երկրորդ տարին անընդմեջ ներկայանում է միասնական ազգային տաղավարով։ Այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից։

Այս տարի տաղավարում իրենց արտադրանքն ու ծառայություններն են ներկայացնում 10 հայկական ընկերություններ, որոնք մասնագիտացված են գինու, թունդ ալկոհոլային խմիչքների արտադրության և բարային ոլորտի ծառայությունների մատուցման մեջ: Մասնակցության նպատակն է հայկական արտադրանքը միջազգային մասնագետներին ու գնորդներին ներկայացնելը և նոր գործարար կապեր հաստատելը։
Ցուցահանդեսի շրջանակում Հայաստանի տաղավար են այցելել Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը և Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը: Այցի ընթացքում քննարկվել են Հայաստանի արտադրողների միջազգային ընդլայնման, համագործակցության հնարավոր ուղիներն ու զարգացման նոր առաջարկները:










