ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Արման Դիլանյանի հետ՝ Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում գործունեությունն ավարտելու առիթով: Այդ մասին տեղեկանում ենք վարչապետի Ֆեյսբուքի էջից:
«Ես ուզում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել Ձեր գործունեության համար: Պարզ է որ ՍԴ և ՍԴ նախագահի գործունեությունը առանձնահատուկ գործունեության տեսակ է, որն իրականացնում է երկրում սահմանադրական արդարադատություն:
Ես պարզապես հարկ եմ համարում գնահատանքի խոսքեր ասել Ձեզ, որովհետև այս բարդ ժամանակաշրջանում Դուք ՍԴ նախագահի պաշտոնն եք զբաղեցրել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա ընդգծեց, որ կարգավորումը, որով ՍԴ գործող նախագահի պաշտոնավարման ժամկետը ավարտվում է վեց տարվա ժամանակահատվածում, առաջին անգամ է գործում, և ՍԴ-ն պետք է դատարանի նոր նախագահ ընտրի:
«Այո, դուք իրավացի եք. առաջին անգամ էր, որ հենց այս կարգավորմամբ նախագահ ընտրվեց: նույնիսկ ընտրությունն էր առաջին անգամ. մինչ այդ՝ 1996 թվականից մինչև 2020 թվականը, ՍԴ-ի նախագահն ընտրվել է ԱԺ-ի կողմից, և առաջին անգամ էր, որ կիրարկվեց 2015 թվականի Սահմանադրությամբ կարգավորումը, ըստ որի՝ ՍԴ նախագահին պետք է ընտրեին հենց ՍԴ դատավորները: Մնալու եմ ՍԴ դատավոր. 4 տարի դեռ ժամանակ ունեմ»,- ասաց Արման Դիլանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:










