Համապատասխան ընթացակարգերն անցնելուց հետո արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը TRIPP նախագիծը կներկայացնի վավերացման:
Այդ մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե երբ ԱԺ կբերվի TRIPP-ի համաձայնագիրը՝ միաժամանակ հիշեցնելով, որ Կառավարությունն արդեն հավանության է արժանացրել այն, իսկ Սահմանադրական դատարանն էլ որոշում ունի։
Հարցին, թե կոնկրետ երբ է նախատեսվում համաձայնագիրը ներկայացնել ԱԺ, Ռոբերտ Աբիսողոմոնյանը պատասխանեց՝ տեխնիկական հարց է, սպասում են ԱԺ ընթացակարգերին։
«Այս պահին ժամկետներ հստակ չեմ կարող նշել, կարծում եմ՝ հոկտեմբերին տեղի կունենա, մինչև հոկտեմբերի վերջ նախատեսվում է»,- ասաց նա։










