Երկու փրկարար է ծխահարվել, որոնցից մեկը հոսպիտալացվել է. ՆԳՆ խոսնակ

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր՝ ժամը 17։07-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում այրվում է էլեկտրական ենթակայան։
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները իրականացրել են են հրդեհաշիջման աշխատանքներ: Ժամը 20:10-ին հաջողվել է մեկուսացնել հրդեհը, իսկ ժամը 21:10-ին փրկարարներին հաջողվել է այն մարել:
Ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ դեպքի վայրում աշխատել են փրկարար ծառայության 11 մարտական հաշվարկ, օպերատիվ խմբեր, ոստիկանության ծառայողներ:
«Հրշեջ-փրկարարներից երկուսը ծխահարվել է, մեկը հոսպիտալացվել է, իսկ մյուսը հենց այս պահին ստանում է բուժօգնություն:
Բավական մեծ կրակ է եղել, և մեր հրշեջ-փրկարարները շատ մեծ աշխատանք են կատարել: Այստեղ կան տրանսֆորմատորներ, որոնցից մեկում է հրդեհը բռնկվել, որտեղ եղել է շուրջ 25-30 տոննա յուղ: Այդ յուղն է այրվել, և մեր հրշեջ-փրկարարները կանխել են տարածումը դեպի մյուս հատված, որպեսզի մյուս՝ շուրջ 30 տոննա յուղը չայրվի:
Ընդհանրապես, շատ մեծ աշխատանք է կատարվել, որ հրդեհը դուրս չգա տարածքից, և կրակը չընդգրկի հարակից խոտածածկ հատվածները»,- ասել է Նարեկ Սարգսյանը:
Դիտումներ796








