Օգոստոսի համար առաջարկում ենք մեր արտահանողներին փոխհատուցել 4 մլրդ 590 մլն դրամ. Պապոյան

Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, լրացում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի օգոստոսի 13-ի N 1225-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին հարցին:
«Այս նախագիծը շարունակությունն է այն քաղաքականության, որը մենք սկսել ենք, մասնավորապես՝ արտահանման շուկաների դիվերսիֆիկացման նպատակով արտահանողներին աջակցություն ենք ցույց տալիս, երբ որ, օրինակ, ջերմատնային արտադրության առանձին ապրանքներ են արտահանում՝ թարմ պտուղ, սննդամթերք, խմիչքի առանձին տեսակներ, կամ վերամշակման նպատակով մթերման աջակցության միջոցառումներ ենք իրականացնում»,- նշեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
«Այս միջոցառման արդյունքում, ըստ էության, կարող ենք ասել, որ շատ մեծ տարբերություն մենք չունենք նախորդ տարվա համեմատ: Եթե նախորդ տարի շուրջ 990 մլն դոլարի ապրանք էինք արտահանել մինչև օգոստոսը ներառյալ, ապա այս տարի 943 մլն դոլար. տարբերությունը մոտ 5 տոկոս է: Սա ես համարում եմ ոչ վատ ցուցանիշ՝ հաշվի առնելով, թե ինչպիսի սահմանափակումներ կան հայկական պտուղ-բանջարեղենի արտահանման վրա, և նաև, երբ որ նայում ենք մեր արտահանման թվերը, տեսնում ենք, որ, ասենք, ծագման արտադրանքի արտահանումը, օրինակ, նույն ԱՄԷ, այս տարի արդեն գերազանցում է 45 տոկոսը՝ մոտ 46 տոկոս է աճը նախորդ տարվա համեմատ:
Հնդկաստան արտահանումը 2.1 անգամ է ավելացել, մոտ 70 տոկոսի շրջակայքում ԵՄ արտահանումն է ավելացել, այլ ուղղություններով ևս ունենք էական աճեր, և, բնականաբար, նաև սահմանափակումների շրջանակում միակ ուղղությունը, որտեղ էական անկում ունենք հայկական արտադրանքի, դա Եվրասիական միության շուկան է: Մնացած մասով դիվերսիֆիկացիան բավականին ակտիվ ընթանում է:
Այդ նպատակով օգոստոսի համար որպես աջակցություն այս ծրագրով առաջարկում ենք մեր արտահանողներին փոխհատուցել 4 մլրդ 590 մլն դրամ»,- ասաց Պապոյանը:
Դիտումներ196







