Եվրոպայի խորհրդի մշակութային ուղիների 15-րդ համաժողով․ Երևան է ժամանել 250 պատվիրակ

Եվրոպայի խորհրդի մշակութային ուղիների 15-րդ համաժողով․ Երևան է ժամանել 250 պատվիրակ

Սեպտեմբերի 23-25-ը Երևանում կանցկացվի Եվրոպայի խորհրդի մշակութային ուղիների 15-րդ խորհրդատվական համաժողովը՝ «Ուղիներ ժամանակի և մշակույթների միջով․ կրթություն՝ հանուն կայուն ժառանգության» խորագրով։ Բազմաթիվ երկրներից շուրջ 250 պատվիրակ է ներկա լինելու համաժողովին։

Միջոցառմանն ընդառաջ տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որին մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը,  Մշակույթի զարգացման հիմնադրամի տնօրեն Կարեն Ավետիսյանը, Եվրոպայի խորհրդի ժողովրդավարական ազատությունների և հաստատությունների բաժնի ղեկավար Ռոբերտո Օլլան և Մշակութային ուղիների ընդլայնված մասնակի համաձայնագրի ղեկավար խորհրդի նախագահ Սերխիո Օրտեգա Մունյոսը:

Համաժողովը Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիներ» ծրագրի առանցքային ամենամյա միջոցառումներից է։ Այն միավորում է ծրագրի անդամ պետությունների, միջազգային կազմակերպությունների, համալսարանների, տեղական և տարածքային իշխանությունների, քաղաքացիական հասարակության, ինչպես նաև մշակույթի, ժառանգության և զբոսաշրջության ոլորտների ներկայացուցիչների։

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն ընդգծել է, որ համաժողովի անցկացումը Հայաստանում մեծ աշխատանքի և համագործակցության արդյունք է, որը սկսվել է 2015 թվականին, երբ Հայաստանն անդամակցել է ծրագրին: Նախարարի տեղակալը նշել է, որ ծրագրում Հայաստանը ակտիվություն է ցուցաբերել 2022 թվականից և արդեն 2025 թվականին ընտրվել է բյուրոյի անդամ, որտեղ յուրաքանչյուր երկու տարին մեկ ընտրվում է հինգ երկիր. «Սա մեզ հնարավորություն տվեց է՛լ ավելի ինտեգրվել ծրագրին և նոր նախաձեռնություններով հանդես գալ՝ կյանքի կոչելով դրանք: Այս պահին Հայաստանն անդամակցում է վեց մշակութային ուղու: Մինչև այս տարվա վերջ կավելանա յոթերորդը՝ Կին գրողների մշակութային ուղին»:

Ֆորումի անցկացումը Հայաստանում նախարարի տեղակալը հատկապես կարևորել է հայկական մշակույթի հանրահռչակման և եվրոպական մշակույթին ինտեգրման տեսանկյունից՝ որպես հաջող օրինակ հիշատակելով 2025 թվականին «Իմպրեսիոնիզմի ուղիների» շրջանակում Ֆրանսիայի Բարբիզոն քաղաքում անցկացված «Հայկական իմպրեսիոնիզմի գույներն ու լույսերը» ծավալուն ցուցահանդեսը: 

Ալֆրեդ Քոչարյանը կարևորել է նաև համաժողովում կրթության և մշակույթի կապի հաստատումը՝ ընդգծելով, որ ՀՀ պետական քաղաքականությամբ կրթությունը առանցքային է բոլոր ոլորտներում, իսկ մշակութային կրթությունը դիտարկվում է՝ որպես առանձին թիրախ: 

Եվրոպայի խորհրդի ժողովրդավարական ազատությունների և հաստատությունների բաժնի ղեկավար Ռոբերտո Օլլան, մասնավորապես, նշել է. «Մշակութային ուղիների մասին խոսելիս պետք է ընդգծել, որ Եվրոպական խորհուրդը, կազմավորվելով 1949 թվականին, առանցքում ուներ հետևյալ հիմնական գաղափարը՝ հաստատել խաղաղություն և մշակույթի միջոցով կերտել երկխոսություն երկրների միջև: Լիահույս ենք՝ Հայաստանը կմիանա մյուս ուղիներին ևս, որոնք 52-ն են, իսկ այս ֆորումն իր ձևաչափով կլինի արդյունավետ նաև ակադեմիական դաշտի, ուսանողների ու զբոսաշրջիկների համար»:

Մշակույթի զարգացման հիմնադրամի տնօրեն Կարեն Ավետիսյանը նշել է, որ համաժողովի անցկացմամբ մշակութային քաղաքականությունը շեշտադրվում է միջազգային համատեքստում: Նա կարևորել է ծրագրի հիմքում ընկած ժամանակակից միտումները, այդ թվում՝ արհեստական բանականության կիրառումը:

Մշակութային ուղիների ընդլայնված մասնակի համաձայնագրի ղեկավար խորհրդի նախագահ Սերխիո Օրտեգա Մունյոսը կարևորել է ծրագրում երիտասարդների մասնակցությունն ու մշակութային ժառանգության թվայնացումը․ «Երիտասարդների ներգրավվածության նպատակը նոր գաղափարների ներկայացումն է, որպեսզի ավելի տեսանելի լինի, թե ինչպիսի կենսապայմաններում և միջավայրում են նրանք գործում: Այն թեմաները, որոնց կանդրադառնանք այս օրերին, նոր նշաձող կսահմանեն 2027 թվականի համար, որը հոբելյանական է լինելու Մշակութային ուղիների համար»:

2026 թվականի համաժողովի առանցքում մշակութային ժառանգության և կրթության փոխկապակցվածությունն է։ Համաժողովի ընթացքում տեղի կունենան քննարկումներ. անդրադարձ  կկատարվի այն հարցին, թե ինչպես կարող են մշակութային ուղիները նպաստել կրթական նոր հնարավորությունների ստեղծմանը, միջմշակութային երկխոսությանը, երիտասարդների ներգրավմանը, ներառական հասարակությունների ձևավորմանն ու ժառանգության կայուն պահպանմանը։

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©