ՆՆարե Ոսկանյան

Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը Հայաստանում կայացել է. ՀՀ վարչապետ

Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը Հայաստանում կայացել է. ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է ՄԻՊ-ի գործունեությանը նվիրված միջազգային համաժողովին:

Կառավարության ղեկավարն իր ելույթում ընդգծեց, որ մարդու իրավունքների պաշտպանությունն այն կարևորագույն գերնպատակներից մեկն է, որը ժամանակակից աշխարհում կարող է ունենալ ժողովրդավարական կառավարությունը, հասարակությունը, երկիրը:

«15 տարի առաջ, երբ հիմնադրվեց Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը, կային հոռետեսական գնահատականներ, սակայն կարող ենք արձանագրել, որ այդ ինստիտուտը Հայաստանում կայացել է և անուրանալի նպաստ է ունեցել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության գործում: Այս 15 տարիներին Մարդու իրավունքների պաշտպանի և իշխանության հարաբերությունները պարզ չեն եղել: Բավական է արձանագրել, որ Մարդու իրավունքների առաջին 3 պաշտպանները չեն պաշտոնավարել մինչև իրենց ժամկետի ավարտը, ինչը հանրության մեջ ընկալվել է որպես Մարդու իրավունքների պաշտպանի և իշխանությունների միջև առկա խոր հակասությունների արտահայտություն»,- նշեց վարչապետ Փաշինյանը:

Վարչապետը հույս հայտնեց, որ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության արդյունքում Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության համար նոր պայմաններ ու նոր միջավայր է ստեղծվել:

«Հեղափոխությունն արել են մարդիկ, ՀՀ քաղաքացիները, և հեղափոխությունը պետք է ստեղծի և ստեղծել է մի միջավայր, որտեղ մարդը բարձրագույն արժեք է, և նրա իրավունքների պաշտպանությունը կառավարության, իշխանության առջև դրված առաջնային խնդիր է»,- ընդգծեց Փաշինյանը:

Վարչապետն իր ելույթում նշեց, որ Հայաստանն ունի մեծ օրակարգ մարդու իրավունքների պաշտպանության առումով: Բայց նաև կարող ենք արձանագրել, որ լուծվել են ինստիտուցիոնալ կարևորագույն հարցեր, որոնք երկար տարիներ թվացել են անլուծելի:

«2018 թվականի դեկտեմբերին մենք ունեցանք արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնք առաջինն էին մեր երկրի պատմության մեջ: Դրանց արդյունքները չվիճարկվեցին Սահմանադրական դատարանում, կասկածի տակ չդրվեցին ո՛չ միջազգային, ո՛չ էլ հայաստանյան հանրության կողմից: Ընդհակառակը՝ դրանք միջազգային դիտորդների կողմից գնահատվեցին որպես ազատ, մրցակցային և ժողովրդավարական»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում