ՎՎարդան Հովսեփյան

Թուրքիան հայերի կողմից ընկալվում է որպես անվտանգության հնարավոր սպառնալիք. վարչապետ

Թուրքիան հայերի կողմից ընկալվում է որպես անվտանգության հնարավոր սպառնալիք. վարչապետ

Հայաստանը պատրաստ է վերահաստատել դիվանագիտական հարաբերությունները Թուրքիայի հետ առանց որևէ նախապայմանի: Այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Corriere della Sera թերթի հետ հարցազրույցում:

«Մենք ասել ենք, և ես կրկնում եմ, որ պատրաստ ենք վերահաստատել դիվանագիտական հարաբերությունները Թուրքիայի հետ առանց որևէ նախապայմանի: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մենք չենք համարում Թուրքիայի հետ մեր հարաբերությունների համար նախապայման: Այդ ճանաչումը շատ կարևոր գործընթաց է, որն անհրաժեշտ է ոչ թե իրենց հետ մեր հարաբերությունների համար, այլ, ինչպես ասացի, ցեղասպանությունների գլոբալ կանխարգելման համար»,- նշել է ՀՀ վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը՝ նշելով, որ այն շատ կարևոր քայլ է: ՀՀ վարչապետն ընդգծել է, որ այն կօգնի կանխել հնարավոր հետագա ցեղասպանությունները:

«Ավելին, նման որոշումները փոխում են մթնոլորտը մեր տարածաշրջանում: Դրանք ուղերձներ են առ այն, որ նման ագրեսիվ քաղաքականությունը չի ընդունվելու միջազգային հանրության կողմից: Դժբախտաբար, ցեղասպանությունից ավելի քան մեկ դար անց Թուրքիան հայերի կողմից դեռևս ընկալվում է որպես մեր անվտանգության համար հնարավոր սպառնալիք: Մոտ 30 տարի է արդեն, ինչ մեր սահմանը փակ է՝ թուրքական կողմից, ոչ թե մեր կողմից: Հայկական կողմից այն բաց է»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն իր երախտիքն է հայտնել Իտալիայի Պատգամավորների պալատին` Հայոց ցեղասպանությունը որպես այդպիսին ճանաչելու համար: Փաշինյանն ընդգծել է, որ աշխատում են  օտարերկրյա գործընկերների հետ նման ճանաչումներ հնարավորինս շատ ունենալու և համաշխարհային ճանաչման հասնելու համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում