ՆՆարե Թադևոսյան

ՄԱԿ-ում տարածվել է Արցախի ԱԳՆ հուշագիրը՝ Ադրբեջանի պատասխանատվության մասին

ՄԱԿ-ում տարածվել է Արցախի ԱԳՆ հուշագիրը՝ Ադրբեջանի պատասխանատվության մասին

ՄԱԿ-ում որպես պաշտոնական փաստաթուղթ տարածվել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հուշագիրը՝ Ադրբեջանի քաղաքացիներ Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասկերովի կողմից Արցախում կատարված առանձնապես ծանր հանցագործությունների համար Ադրբեջանի միջազգային պատասխանատվության մասին:

ԱՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ հուշագրում, մասնավորապես, նշվում է, որ միջազգային իրավունքը նախատեսում է պետությունների պատասխանատվությունը՝ իրենց գործակալների կողմից կատարված հանցագործությունների համար: Նշված միջազգային իրավունքի նորմը կոդիֆիկացված է Միավորված ազգերի կազմակերպության Միջազգային իրավունքի հանձնաժողովի` միջազգային հակաիրավական արարքների համար պետությունների պատասխանատվության մասին զեկույցի 8-րդ հոդվածում, որում ասվում է, որ «անձի կամ անձանց խմբի վարքագիծը դիտվում է որպես պետության արարք՝ համաձայն միջազգային իրավունքի, եթե այդ անձը կամ անձանց խումբը նման վարքագծի իրականացման ժամանակ փաստացի գործում է այդ պետության ցուցումներով, կամ ղեկավարությամբ կամ վերահսկմամբ»։ Այդպիսով օտարերկրյա տարածքում որոշակի հանձնարարություններ կատարելու համար որպես «կամավորներ» ուղարկված ֆիզիկական անձանց հակաիրավական արարքները ենթադրում են պետությունների միջազգային պատասխանատվություն:

Ադրբեջանը, հանցավոր խմբին զինելով և ուղարկելով Արցախի տարածք՝ լրտեսության և դիվերսիոն գործողություններ իրականացնելու նպատակով, միջազգային պատասխանատվություն է կրում խմբի կողմից Արցախի տարածքում իրականացված բոլոր հակաիրավական արարքների համար: Հուշագրում բերվում են մանրակրկիտ փաստեր, որոնք հաստատում են անօրինական զինված խմբի ուղղակի կապը Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ:

Հուշագրում նաև նշվում է, որ տարբեր միջազգային կազմակերպություններում, ներառյալ՝ Միավորված ազգերի կազմակերպությունում Ադրբեջանի իշխանությունների կողմից սանձազերծված արշավը, որի նպատակն է աջակցություն գտնել Ասկերովի և Գուլիևի ազատ արձակման հարցում, նույնպես կարող է  դիտվել որպես Ադրբեջանի կողմից զինված խմբի հակաիրավական արարքների ճանաչման և ընդունման ապացույց:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում