ԳԳոհար Սիմոնյան

Շուտով իմ երկիրը կվավերացնի Հայաստան-ԵՄ համաձայնագիրը. Հունաստանի նախագահ

Շուտով իմ երկիրը կվավերացնի Հայաստան-ԵՄ համաձայնագիրը. Հունաստանի նախագահ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսի հետ:

ԱԺ նախագահը ուրախությամբ նշել է, որ Հայաստանի և Հունաստանի հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, և բացի պետությունների միջև հարաբերություններից, հայ և հույն ժողովուրդները մեծ համակրանք ու եղբայրական զգացումներ ունեն իրար նկատմամբ, ինչը գալիս է դարերի խորքից:

Արարատ Միրզոյանը նշել է, որ Հունաստանի խորհրդարանը դեռևս 1996 թվականին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, 2015 թվականին ընդունել է օրենք, որով քրեականացրել է ցեղասպանության ժխտումը, իսկ Հայաստանի խորհրդարանը ճանաչել է Պոնտոսի հույների և ասորիների ցեղասպանությունը: Բացի մշակութային, տնտեսական և քաղաքական կապերից, Արարատ Միրզոյանը մեծապես կարևորել է երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցությունը և նշել միջխորհրդարանական շփումներն ավելի ինտենսիվացնելու անհրաժեշտության մասին:

Նա հայտնել է, որ իր կիպրոսյան այցի ժամանակ Կիպրոսի խորհրդարանի նախագահի հետ խոսակցություն է ունեցել Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ խորհրդարանական հնարավոր ձևաչափի մասին և այդ թեմայով շաբաթներ առաջ խոսել է նաև Հունաստանի խորհրդարանի նախագահի հետ Ստրասբուրգում կայացած հանդիպման ժամանակ:

ՀՀ ԱԺ նախագահը նշել է նաև, որ շատ քիչ երկրներ են մնացել, որոնք դեռ չեն վավերացրել Եվրամիության ու Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված համաձայնագիրը, և այդ երկրներից մեկը, ցավոք, Հայաստանի բարեկամ Հունաստանն է՝ հավելելով, որ Հայաստանն ակնկալում է Հունաստանի աջակցությունը վիզաների ազատականացման երկխոսության շուրջ ևս:

Հունաստանի նախագահը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, վստահեցրել է, որ մոտ ժամանակներս իր երկիրը կվավերացնի Հայաստան-ԵՄ համաձայնագիրը, ինչից հետո ակնկալում են, որ Հայաստանի եւ Հունաստանի, ինչպես նաև Հայաստանի և ԵՄ անդամ մյուս երկրների հետ հարաբերությունները է՛լ ավելի կխորանան: «Մենք պետք է ջանքեր գործադրենք և ընդլայնենք մեր հարաբերությունները»,- ասել է Պրոկոպիոս Պավլոպուլոսը՝ նշելով, որ հայերի և հույների ցեղասպանություններն այն ողբերգական էջերն են, որոնք նույնպես միավորում են երկու երկրներին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում