ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է աշխատանքային այցով և ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի միջոցառումների շրջանակում Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի հետ:
Ողջունելով Վյաչեսլավ Վոլոդինին ՀՀ Ազգային ժողովում՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ սա նշանակալի իրադարձություն է, քանի որ Հայաստանում առաջին անգամ տեղի է ունենում ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի արտագնա լիագումար նիստ:
ԱԺ նախագահն ընդգծել է, որ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովն օրակարգային հարցերի լուծման և կոնսենսուսային որոշումներ կայացնելու արդյունավետ հարթակներից մեկն է: Արարատ Միրզոյանը նշել է, որ հայկական պատվիրակությունն ակտիվ և հետևողականորեն աշխատում է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում, մշտապես իրականացնում է կարևոր փորձագիտական աշխատանքներ:
Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին՝ խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական դաշնակիցներ են, իրականացվում են տնտեսական բազմաթիվ նախագծեր: Նա նշել է նաև, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս խորհրդարանական դիվանագիտության զարգացմանը:
Վյաչեսլավ Վոլոդինը շնորհակալություն է հայտնել Արարատ Միրզոյանին՝ ջերմ ընդունելության համար՝ կարևորելով միջխորհրդարանական համագործակցությունը, նաև՝ գործակցությունը միջազգային տարբեր հարթակներում: Նա ընդգծել է, որ ռուս-հայկական բարեկամական հարաբերություններն ունեն խոր արմատներ:










