ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Շվեդիայի Միջազգային զարգացման և համագործակցության նախարարի հետ

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Շվեդիայի Միջազգային զարգացման և համագործակցության նախարարի հետ

Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված նախարարական երկխոսությանը մասնակցելու նպատակով նոյեմբերի 4-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի՝ Ստոկհոլմ կատարած աշխատանքային այցը մեկնարկել է Շվեդիայի Միջազգային զարգացման և համագործակցության նախարար Փիթեր Էրիքսոնի հետ հանդիպմամբ։

Զրուցակիցներն անդրադարձել են հայ-շվեդական երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակի: Զոհրաբ Մնացականյանը և Փիթեր Էրիքսոնն ընդգծել են փոխադարձ պատրաստակամությունը` գործնական քայլեր ձեռնարկելու երկկողմ համագործակցության առավել ընդլայնման և հարստացման ուղղությամբ՝ հույս հայտնելով, որ երկկողմ բազմաոլորտ հարաբերությունների վերընթաց զարգացումը կհանգեցնի առավել շոշափելի արդյունքների: Այս առնչությամբ կարևորվել է տարբեր մակարդակներում առկա քաղաքական երկխոսության դինամիկայի պահպանումը, խորհրդարանական հարթակի ներուժի լիարժեք կիրառումը: 

Որպես ավանդական թիրախային ուղղություններ` առանձնացվել են նորարարության, բարձր տեխնոլոգիաների, ստեղծագործ կրթության բնագավառում փորձի փոխանակումը, առողջապահության, զբոսաշրջության ոլորտները, ինչպես նաև աղբի վերամշակման ուղղությամբ համագործակցության խթանումը։ Զոհրաբ Մնացականյանը և Փիթեր Էրիքսոնն ուղենշել են  այլընտրանքային և վերականգնվող էներգիայի արտադրության բնագավառում համագործակցության հեռանկարները: Կարևորվել է Հայաստանի և Շվեդիայի միջև նաև մարզային փոխգործակցության խթանումը: 

Նախարարներ Մնացականյանը և Էրիքսոնը կարևորել են ԵՄ և ԵՄ անդամ երկրների հետ իրավական նոր հենք հանդիսացող Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը:

Նախարար Մնացականյանը Փիթեր Էրիքսոնին ներկայացրել է Հայաստանում իրականացվող բարեփոխումների օրակարգը՝ վերահաստատելով կառավարության հստակ հանձնառությունն՝ ուղղված ժողովրդավարական ինստիտուտների կարողությունների ամրապնդմանը, օրենքի գերակայության ապահովմանը և կոռուպցիայի դեմ պայքարին: Այդ գործընթացում Զոհրաբ Մնացականյանը բարձր է գնահատել Շվեդիայի կառավարության կողմից ցուցաբերված շարունակական աջակցությունը: Երկուստեք կարևորվել է Հայաստանի հետ Շվեդիայի զարգացման համագործակցության երկկողմ ծրագրի մեկնարկը: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում