ՄՄարի Կոստանյան

ՀՀ նախագահի հարցազրույցը՝ The New York Times-ին

ՀՀ նախագահի հարցազրույցը՝ The New York Times-ին

Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը նաև այդ երկիրը հանդուրժող պետություն դառնալու ճանաչում կդառնա:  Այս մասին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ասել է The New York Times-ին:

«Այն փաստի ընդունումը, որ ինչ-որ բան սխալ ես արել սովորական կյանքում, ընտանիքում, ընկերների հետ հարաբերություններում՝ ուժ է: Դա թուլության նշան չի՛ կարող համարվել»,- ասել է Արմեն Սարգսյանն՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանությանն ու այս հարցում Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը:

The New York Times հեղինակավոր պարբերականն անդրադարձել է Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը:

«Հայաստանի բոլոր գրասենյակներում կարող ես տեսնել Արարատ սարի նկարները: Սարը, որն այժմ գտնվում է Թուրքիայում, խորհրդանիշն է հայերի կարոտի, հպարտության, վերադարձի հույսի և Հայոց ցեղասպանության, որ պատահեց 1915 թվականին, երբ Օսմանյան կայսրությունում սպանվեց ավելի քան 1 միլիոն հայ: Այս շաբաթ Ներկայացուցիչների պալատն անտեսելով թուրքական նախազգուշացումներն՝ ընդունեց այդ Ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: Նախագահ Բարաք Օբաման այդպես էլ չճանաչեց այն, թեպետ՝ 2008 թվականին, որպես նախագահի թեկնածու, խոստում էր տվել: Ռեալպոլիտիկը հաղթեց նրա սկզբունքներին»,- գրում է հոդվածագիրը:

The New York Times-ն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության առաջացման պատմությանը՝ նշելով, որ այսօր Հայաստանը փակ սահմաններ ունի նաև Ադրբեջանի հետ, և բաց են միայն Վրաստանի ու Իրանի հետ սահմանները:

«Այդուհանդերձ, ես հայերին տեսա անկոտրում ոգով: Ի՞նչ նշանակություն կարող են այսօր ունենալ ֆիզիկական սահմանները: Հայաստանի մոտ 3 միլիոն քաղաքացիները մշտական կապի մեջ են Սփյուռքի՝ մի քանի անգամ թվով գերազանցող հայերի հետ, որոնք մշտապես գումարներ են ուղարկում հայրենիք: Ունենալով ուժեղ տեխնիկական սեկտոր՝ Հայաստանն իրեն համարում է ստարտափ երկիր: Երկրի հայացքն ավելի շատ ուղղված է ապագային, ոչ թե՝ անցյալին»,- գրում է հոդվածագիրը:

Ի դեպ, անդրադարձ է եղել նաև 2018 թ. հեղափոխությանը, «որի ժամանակ ոչ մի կաթիլ արյուն չթափվեց»:

Հոդվածագիրը պնդում է, որ չնայած այն իր հետ «դրախտ չբերեց, բայց վերացրեց ֆատալիզմը»:

«Մարդիկ զգում են, որ ազատ են անելու այն, ինչ ցանկանում են»,- գրում է հեղինակը՝ նշելով, որ Հայաստանում շաբաթներ շարունակված բողոքի ցույցերի նմանությամբ այժմ էլ Բեյրութում, Բաղդադում և Սանտյագոյում ևս վերջին շաբաթների ընթացքում ցույցեր մեկնարկեցին, որոնց հետևանքով ցնցվեցին կառավարությունների հիմքերը, իսկ որոշ դեպքերում դրանք  հրաժարականների պատճառ դարձան:

«Բեռլինյան պատը քանդած ոգին շարունակում է ապրել» գլխագրով հոդվածի հեղինակը Հայաստանի նախագահի հետ զրույցում անդրադարձել է ողջ աշխարհում տեղի ունեցող փոփոխությունների ալիքին: Եվ Արմեն Սարգսյանն էլ նշել է, որ հին համակարգերը մեր օրերում այլևս չեն աշխատելու:

«Մենք ապրում ենք քվանտային աշխարհում, քանի որ մեր կյանքի ավելի քան կեսն արդեն վիրտուալ է»,- ասել է նախագահը՝ Հայաստանն անվանելով աշխարհի «առաջին լաբորատորիաներից մեկը», որը փնտրում է «վարքագծի նոր կանոններն» այն աշխարհի համար, որտեղ «ամեն անհատ ձայն ունի, որն ի վիճակի է լսելի դարձնել ամե՛ն օր»: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում