ՎՎարդան Հովսեփյան

ԵՄ դեսպանը տպավորված է Հայաստանում տարբեր բնագավառներում իրականացվող փոփոխություններով

ԵՄ դեսպանը տպավորված է Հայաստանում տարբեր բնագավառներում իրականացվող փոփոխություններով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի համար այս կարևոր բարեփոխումների ժամանակաշրջանում Եվրոպական միության հետ համագործակցությունը էական նշանակություն ունի. «Հեղափոխությունից հետո ԵՄ-ն մեր ժողովրդավարական օրակարգի կարևորագույն գործընկերներից է, և Ձեր նշանակումը մենք դիտարկում ենք Հայաստան-ԵՄ համագործակցության հետագա սերտացման համատեքստում: Արդյունավետ ենք համարում ԵՄ-ի հետ քաղաքական երկխոսությունը և պատրաստ ենք համատեղ ակտիվ աշխատել՝ առավել արդյունավետ դարձնելու մեր գործընկերությունը»: 

Խոսելով Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի մասին՝ վարչապետն անդրադարձել է դատաիրավական ոլորտին, ընտրական համակարգին, հակակոռուպցիոն քաղաքականությանը, ինչպես նաև տնտեսական զարգացմանը միտված ծրագրերին:

«Մեծ պատիվ է նշանակվել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի պաշտոնում և հնարավորություն ունենալ նպաստ բերել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացմանը: ԵՄ-ն վերահաստատում է իր շարունակական աջակցությունը Ձեր ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին, որոնք միտված են Հայաստանի զարգացմանը՝ հիմնված օրենքի գերակայության և մեր ընդհանուր արժեքների վրա»,- նշել է Անդրեա Վիկտորինը՝ հավելելով, որ տպավորված է Հայաստանում տարբեր բնագավառներում իրականացվող փոփոխություններով:

Վիկտորինը հավաստիացրել է, որ Եվրամիությունը շարունակելու է օժանդակել Հայաստանին ժողովրդավարության հզորացման գործում՝ վարչապետի նշած ոլորտներում, ինչպես նաև հարստացնել ՀՀ-ԵՄ գործընկերությունը փոխշահավետ նոր ծրագրերով ու նախաձեռնություններով:

Նիկոլ Փաշինյանը և Անդրեա Վիկտորինը քննարկել են Հայաստան-Եվրամիություն օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ, որոնք վերաբերում էին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին, Արևելյան գործընկերությանը, համատեղ նոր ծրագրերի իրականացմանը, տարբեր՝ ենթակառուցվածքների, էներգետիկայի, շրջակա միջավայրի, կանաչ տնտեսության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության զարգացմանը:

Երկուստեք ընդգծվել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի շուրջ բանակցությունների մեկնարկին ուղղված քայլերի կարևորությունը:

Զրուցակիցները կարևորել են ԵՄ կառույցների նոր ղեկավարության հետ ծանոթանալը և այդ համատեքստում առաջիկա փոխադարձ այցելությունները:

Կողմերը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ: Վարչապետ Փաշինյանը կարևորել է ԵՄ հավասարակշռված դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում: Դեսպան Վիկտորինը նշել է, որ Եվրամիությունը սատարում է հակամարտության բանակցային գործընթացին և աջակցում է խաղաղ կարգավորմանը միտված երկխոսության մթնոլորտի ձևավորմանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում