Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանին։ Այս մասին հայտնում են նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նախարարը շնորհակալություն է հայտնել Ավետիս Կիտանյանին զբոսաշրջության ոլորտում հայ-լիբանանյան կապերն ամրապնդելու և զարգացնելու հետևողական ջանքերի, Հայաստանի զբոսաշրջության ոլորտի զարգացմանը նպաստելու պատրաստակամության համար։
Ավետիս Կիտանյանը, իր հերթին, ներկայացրել է Լիբանանի զբոսաշրջության ոլորտի վիճակագրության ցուցանիշները և զարգացման ուղղությամբ իրականացվող քայլերը։
Նախարարները քննարկել են նաև Ծոցի երկրներից նոր զբոսաշրջային խմբերի թիրախավորման նախագիծը: Այս հարցում Ավետիս Կիտանյանն առաջարկել է ուսումնասիրել լիբանանյան փորձը։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանն առաջարկել է միասին մշակել նախագիծը և համագործակցություն հաստատել այդ և այլ ուղղություններով։










