Երևանում հանդիպել են Հայաստանի և Արցախի արտգործնախարարները

Երևանում հանդիպել են Հայաստանի և Արցախի արտգործնախարարները

Երևանում ուրբաթ օրը  հանդիպել են Հայաստանի և Արցախի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Մասիս Մայիլյանը՝ կարևորելով նման  հանդիպումների և խորհրդակցությունների պարբերական անցկացումը։ Զրուցակիցներն անդրադարձել են արտգործնախարարությունների  խորհրդակցությունների պլանի և դրա կիրարկման ուղղությամբ գործնական քայլերին: Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդության և մասնակցությամբ՝սեպտեմբերի 23-ին կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանն ընդառաջ Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հստակեցրել են միմյանց դիրքորոշումներն արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի և օրակարգային հարցերի շուրջ:

Մնացականյանը վերահաստատել է, որ Արցախի ժողովրդի անվտանգությունը և կարգավիճակը Հայաստանի առաջնահերթություններն են՝ ընդգծելով, որ խաղաղության գործընթացի արդյունավետության ապահովման տեսանկյունից առանձնահատուկ նշանակություն ունի Արցախի՝ որպես հակամարտության հիմնական կողմի, որոշիչ ձայնը և ներգրավվածությունը։

Մնացականյանը և Մայիլյանը նաև մտքեր են փոխանակել խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորման հարցերի շուրջ` նշելով, որ ներքին լսարանի համար ադրբեջանական իշխանությունների կողմից արվող ապակառուցողական հայտարարությունները չեն նպաստում ժողովուրդների խաղաղության նախապատրաստման հանձնառության իրականացմանը: Հանդիպման մասնակիցներն ընդգծել են, որ ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի՝ կարևորելով հրադադարի ռեժիմի վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրումը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում