Հավելյալ հանրայնացումը այս գործընթացին միայն խանգարելու է. Ալեքսանյանը՝ գերիների վերադարձի հետ կապված Կառավարության լռության մասին

Մեր խմբակցությունից եղել է արձագանք այդ թեմայով: Ռուստամ Բաքոյանը մեր խմբակցության անդամ չէ՞, մեր թիմի անդամն է: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ պատասխանելով հարցին, թե իշխանությունը բարձր մակարդակով հայտարարություններ չարեց Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության գործով Բաքվում ընթացող դատավարության վերաբերյալ:
Հարցին՝ արդյոք Բաքոյանն արտահայտե՞լ է ՔՊ խմբակցության դիրքորոշումը, պատասխանեց. «Մենք նմանատիպ քննարկում ու որոշում չենք ունեցել, բայց ես վստահ եմ, որ խմբակցությունում ոչ մեկը տարաձայնություն չունի պարոն Բաքոյանի այս հայտարարության հետ»:
Դիտարկմանը, թե Բաքոյանը ներգրավված չէ ո՛չ խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցություններում, ո՛չ բանակցություններում, ասաց՝ այդ թեմայով չպետք է խոսեին վարչապետը, ԱԳ նախարարը կամ փոխվարչապետը, այլ պետք է խոսեին այն մարդիկ, որոնք ներգրավված չեն բանակցություններում:
«Այստեղ դիվանագիտական նյուանս կա, հարգելի ընկերներ: Այսքան ժամանակ, երբ մենք խոսել ենք գերիներին վերադարձնելու մասին, մենք մշտապես ասել ենք, որ ամենօրյա աշխատանք ենք տանում այդ ուղղությամբ, և հավելյալ հանրայնությունը այս գործընթացին միայն խանգարելու է:
Հիմա եթե սրտհովանքի համար կարծում եք, որ պետք էր մեկ-երկու շատ կոշտ արտահայտություն անել, ու դրանով դա օգնելու էր մեր գերիների վերադարձին, դուք սխալվում եք: Հավելյալ հանրայնությունը, հանրայնացումը այս պրոցեսին միայն ու միայն խանգարելու է, և վստահեցնում եմ, որ ՀՀ Կառավարությունը ոչ մի վայրկյան չի դադարել և չի դադարելու աշխատել այս ուղղությամբ»,- հայտարարեց պատգամավորը:
Նրա խոսքով՝ Կառավարության լռությունը առհասարակ գերիների վերադարձի հետ կապված պայմանավորված է նրանով, որ պրոցեսի լավագույն շահից է բխում հնարավորինս քիչ հանրայնացումը:









