Թբիլիսիում գիշերը բողոքի ցույցերն ավարտվել են ցուցարարների զանգվածային ձերբակալություններով

Գիշերը, երբ հատուկջոկատայիններն ու ջրցան մեքենաները ցուցարարներին դուրս են մղել Թբիլիսիի Ռուսթավելու պողոտայից, գործին միջամտել է քրեական ոստիկանությունն ու առանց նույնականացման նշանների սև բալակլավներով մարդիկ։ Ձերբակալություններն իրականում տեղի են ունեցել պատահականության սկզբունքով։ Բռնել են մարդկանց մետրոյում, դեղատներում և այգիներում։ Առավոտյան, երբ ցուցարարները նահանջել են մայրաքաղաքի Վակե թաղամաս, ՆԳՆ հարյուրավոր աշխատակիցներ շարունակել են հետապնդումները նաև այնտեղ։ Ձերբակալվել են ընդդիմության առաջնորդներ, ինչպես նաև տասնյակ ցուցարարներ։ Միայն երեկ ձերբակալվել է 24 քաղաքացի, այսպիսով, չորս օրվա ընթացքում մայրաքաղաքում 224 ցուցարար է ձերբակալվել՝ մանր խուլիգանության և ոստիկանությանը չենթարկվելու մեղադրանքներով։
Ըստ տեղեկությունների՝ Ռուսթավելու պողոտայում՝ խորհրդարանի շենքի դիմաց, հեռացվել են բարիկադներն ու աղբը, երթևեկությունը վերականգնվել է։
Որոշ ցուցարարներ փորձել են փակել Ճավճավաձեի պողոտան, սակայն ոստիկանները շատ են, և ձերբակալությունները շարունակվում են։
Վրաստանի բազմաթիվ դպրոցներում աշակերտները դասադուլ են հայտարարել և հրաժարվում են դասարաններ մտնել, քանի դեռ ցուցարարները չեն ազատվել, իսկ ոստիկանությունը՝ չի դադարեցրել բռնությունը: Արդեն հայտնի է երկրում յոթ նման ուսումնական հաստատությունների մասին։
Դիտումներ129









