ԿԿարմեն Ղուկասյան

ՀԾԿՀ նախագահի թեկնածուն անդրադարձել է էլեկտրաէներգետիկական ոլորտում առկա խնդիրներին

ՀԾԿՀ նախագահի թեկնածուն անդրադարձել է էլեկտրաէներգետիկական ոլորտում առկա խնդիրներին

Պետք չէ գալ հասնել մի իրավիճակի, երբ ամեն անգամ Ազգային ժողովին, ամբողջ հանրությանը բացատրենք՝ ինչու այսպես ստացվեց: Պետք է այնպես աշխատել, որպեսզի կանխարգելենք վատ արդյունքները: Այս մասին խորհրդարանում պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին ասաց ՀԾԿՀ նախագահի թեկնածու Մեսրոպ Մեսրոպյանը: 

Պատգամավորի հարցը վերաբերում էր նրան, որ ընկերությունների կողմից մեծ վարկեր վերցնելու և որպես ներդրումներ ներկայացնելու հետևանքով ունենք էլեկտրաէներգիայի և գազի շատ բարձր սակագներ:

«Պետք է ունենալ այնպիսի կամք, որ տարեկան ներկայացված ներդրումները տարերային բնույթ չկրեն: Տվյալ ոլորտում առկա խնդիրները պետք է նախապես գույքագրվեն, սահմանվեն առաջնահերթությունները, հասկանալ՝ որ ուղղության վրա է պետք կապիտալ ներդրումները առաջնահերթ կատարել, որպեսզի չունենանք այնպիսի իրավիճակ, որ հետո տարվա ընթացքում՝ որտեղ «անսպասելի» վթար ենք ունենում, շտապում ենք այդ ուղղության վրա փող ներդնել վիճակը կայունացնելու համար: Մոտեցումը սա է լինելու»,- ասաց Մեսրոպյանը:

Թեկնածուի խոսքով՝ ՀԾԿՀ նախագահ ընտրվելու դեպքում որոշ ժամանակ անց կկարողանա ներկայացնել, թե նշված ընկերությունների կողմից ներդրումները հատկապես որ ուղղություններով են արվել, ինչ արդյունավետություն է ապահովվել, և կփորձեն արդյունավետության աստիճանն ապագայում բարձրացնել: 

Ինչ վերաբերում է էներգետիկ շուկայի ազատականացմանը, նկատեց՝ բարեփոխումը սկիզբ էր առել դեռևս 2017-ին, բայց բուն հողի վրա կիրառումը սկսեց 2022-ի փետրվարի 1-ից:

«Հայաստանում էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ազատականացումը բխում էր մի քանի հանգամանքից:

Տասնամյակներ ի վեր գործող մոդելը փոխարինվեց նորով: Նախկին մոդելում գործում էր մեկ գնորդ, մեկ վաճառող սկզբունքը, և այդ մեկ գնորդ, մեկ վաճառող սկզբունքի համաձայն՝ հանդես էր գալիս «Հայաստանի էլեկտրական ցանցերը», որը մոնոպոլիզացված վիճակում էր պահում այս գործառույթը: Շուկայի ազատականացմամբ մենք լուծեցինք այս խնդիրը: Մոնոպոլիան գնելու և վաճառելու մասով այլևս վերացված է: Շուկայում այսօր արդեն ունենք գրանցված 6 մատակարար ընկերություն, որից 5-ն ակտիվ գործունեություն են ծավալում, և նրանք ևս ՀԷՑ-ի նման իրավունք են ստացել էլեկտրաէներգիա գնելու և վաճառելու իրենց խմբերում հավաքած սպառողներին»,- պարզաբանեց Մեսրոպյանը: 

Դրանից բացի՝ շուկայի ազատականացմամբ, ըստ նրա, լուծվում էր երկրորդ խնդիրը՝ նախկին սխեմայում գործում էր «միջինացված սակագին» հասկացությունը բոլոր սպառողների համար, իսկ շուկայի ազատականացման սխեմայում այս մոտեցումը չի գործում: 

 

Ինչ վերաբերում է էլեկտրաէներգետիկական ոլորտում առկա խնդիրներին, Մեսրոպյանը նկատեց՝ այսօր հիմնական բողոքները ոլորտից վթարային անջատումների հաճախականությունն է և էլեկտրաէներգիայի լարման մակարդակը:

«Այս երկու ցուցանիշն են, որ այսօր ըստ էության չեն բավարարում և՛ դիմադիրներին, և՛ ընդդիմադիրներին, որովհետև բոլորս էլ էլեկտրաէներգիայի սպառող ենք: Հաճախականության կարգավորումն էլ, անջատումներն էլ ուղիղ գծով կապվում են առաջին հերթին կատարված ներդրումների էֆեկտիվության հետ»,- ասաց նա:

Հիշեցնենք՝ Ազգային ժողովում քննարկվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում