ԼԼուսինե Մուրադյան

Երևանից զավթած հողը նույնպես գողություն է. Ավինյանը հանձնարարեց Մյասնիկյան պողոտային հարող տարածքի քոլիկները վերացնել

Երևանից զավթած հողը նույնպես գողություն է. Ավինյանը հանձնարարեց Մյասնիկյան պողոտային հարող տարածքի քոլիկները վերացնել

Նոր Նորք վարչական շրջանում շուրջ 50 հեկտար տարածք է ուսումնասիրվել, և կադաստրային քարտեզների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 5 հեկտարը տրամադրվել է Կենդանաբանական այգուն տարածքների ընդլայնման համար, իսկ 36 հեկտարը համայնքային սեփականություն է, ըստ Երևանի գլխավոր հատակագծի՝ ներառված է կանաչապատման ենթակա տարածքների ցանկում: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց «Կանաչապատման և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը:

«36 հա տարածքում հայտնաբերվել են մի քանի տասնյակ ինքնակամ կառուցված շինություններ, այդ թվում՝ բնակելի տներ, հասարակական շինություններ, ավտոտնակներ և այլ օժանդակ շինություններ: Համայնքային տարածքի զգալի հատվածն ինքնակամ կերպով սահմանազատված և ցանկապատված է: Բացի ցանկապատվածից՝ ընդհանուր առմամբ ինքնակամ շինություններով զբաղեցված է տարածքի շուրջ 4 հեկտարը»,- ասաց նա և հավելեց, որ նշված տարածք այցելությունից հետո պարզ է դարձել, որ հատվածի սկզբնամասում կան 4 մեծ ու փոքր բնակելի տներ, ցանկապատված է շուրջ 2,1 հեկտար տարածք:

Այգու սկզբնամասում՝ Գայի պողոտային հարող տարածքում, կա 1900 քառակուսի մետր տարածք, որը, ըստ քաղաքի գլխավոր հատակագծի, կանաչապատման ենթակա տարածք է:

«Անհասկանալի է, թե ինչպես է ընդհանուր օգտագործման համար նախատեսված համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի այդ հատվածը մասնավորեցվել: Դրա շարունակվող մասում՝ շուրջ 2 հեկտարի վրա, առկա են ցանկապատված տարածքներ: Ցանկապատված է այդ հատվածում շուրջ 10 տարածք, որոնցից 4-ում առկա են տնակներ»,- ասաց Բեգոյանը և հավելեց, որ 4 տնակներում ապրում են բնակիչներ, որոնցից 1-ում՝ ընտանիք:

Համայնքային սեփականություն հանդիսացող 36 հեկտար հողակտորից 26 հեկտարը պատրաստ է կանաչապատման: Ջուր չկա տարածքում, բայց տարածքների ազատումից հետո կազմակերպությունը պատրաստ է ոռոգման ջուր անցկացնել, իսկ մյուս գարնանը շուրջ 26 հեկտարի վրա իրականացնել քաղաքային ուրբան անտառի հիմնում:

«Նման մեծ ծավալի վրա քաղաքային անտառի հիմնումը խիստ դրական ազդեցություն է ունենալու ոչ միայն տվյալ հատվածի՝ Նոր Նորք վարչական շրջանի, այլև Կենտրոն վարչական շրջանի օդի որակի վրա»,- ասաց Բեգոյանը:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարեց հենց այս շաբաթվա ընթացքում 26 հեկտարի բոլոր քոլիկները վերացնել: Նշեց, որ տասնամյակներով Երևանը կորցրել է ահռելի ծավալով կանաչապատ տարածք, և որ տարբեր արդարացումներով վերջ չի դրվել կանաչապատ տարածքների հաշվին անկանոն կառուցապատմանը։

«Արդեն նվազագույնը 1-2 տարի է, որ վերջ է դրվում այդ տրամաբանությանը։ Եվ նորից կրկնեմ՝ Երևան քաղաքից զավթած հողը նույնպես գողություն է։ Հետևապես, այն, ինչ հանրային է, պետք է մնա հանրային, այն, ինչ կանաչ տարածք է, պետք է մնա կանաչ տարածք»,- եզրափակեց Ավինյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում