Արդյոք ՀՀ-ից Yandex-ի բազան հասանելի կլինի ՌԴ անվտանգության ծառայությանը. ընկերության պարզաբանումը

ԼԼիլիթ Ասատրյան

Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը սեպտեմբերի 1-ից օրինական մուտք կունենա երկրում գործող տաքսի ծառայությունների պատվերների մասին տվյալներին: Խոսքը պատվերներ ստանալու, պահպանելու, մշակելու և փոխանցելու համար ստեղծված բազայի մասին է։ Որոշումը Ռուսաստանի կառավարության պաշտոնական կայքում օրեր առաջ է հրապարակվել։ Տաքսի ծառայություն մատուցող ամենախոշոր ռուսական ընկերություններից մեկը՝ Յանդեքսը, 2016-ից նաև Հայաստանում է աշխատում և ծառայությունից օգտվողների մոտ կա մտահոգություն՝ արդյոք նրանց տեղաշարժը ևս հասանելի է լինելու Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությանը:

Արթուր Պապյան (Թվային անվտանգության փորձագետ) - Սա ևս մեկ լավ առիթ էր հիշեցնելու մարդկանց, որ ցանկացած տեխնոլոգիական նորարարություն հարմարավետության հետ բերում է ռիսկեր:

Հայաստանում «Յանդեքս» տաքսի ծառայության ներկայացուցչությունը «Լուրերի» հարցին գրավոր արձագանքեց.

«Սա վերաբերում է բացառապես ռուսական ծառայությանը և ռուսական ուղևորություններին։ Հայաստանում և այլ երկրներում ծառայությունը ներկայացված է օտարերկրյա իրավաբանական անձանց կողմից։ Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա Ռուսաստանի սահմաններից դուրս ծառայության աշխատանքի հետ կապված տվյալներ ստանալու համար հայտ կարող է ներկայացվել միայն հաստատված միջազգային ընթացակարգերի շրջանակում։ Ընկերությունն ունի անվտանգության քաղաքականության բարձր չափանիշներ, որոնք հաստատված են միջազգային հանրային զեկույցով:

Անկախ տվյալների՝ պաշտոնապես հասանելի լինել-չլինելուց՝ ցանկացած հավելվածի պետք է տալ սահմանափակ հնարավորություններ, Պապյանի խորհուրդն է:

Արթուր Պապյան - Խելամիտ է, որ հավելվածը ձեր դիրքի կոորդինատները ստանա, երբ այն բաց է, ակտիվ է: Երբ փողոցից տաքսի եք նստում, և չկա երրորդ օղակ, մեծ հաշվով դա լինում է անանուն, բայց պատվեր կատարող ընկերությունը հավաքում է բոլոր տվյալները:

Խնդրահարույց կարող է լինել նաև տաքսի ծառայությունների առաքման գործիքը, օրինակ` սննդի: Եվ, օրինակ, այդպիսի ծառայությամբ, դիցուք` զորամասեր, սահմանամերձ տարածքներ առաքման դեպքում տվյալները խոցելի կարող են լինել:

Արթուր Պապյան - Այդ տվյալները հավաքվում են, և եթե լինի արտահոսք կամ հաքերային հարձակում, ապա հարց կառաջանա, թե ինչու է սահմանամերձ տարածքում գնացել տաքսին: Կամ դուք լրագրող եք և տաքսի ծառայությամբ գնում եք հանդիպման ձեր գաղտնի աղբյուրի հետ, և այդ ամենը պահպանվում է:

Այսպիսի օրինակները քիչ չեն, ինչպես քիչ չեն հաքերային հարձակման դեպքերը, որոնցից նույնիսկ բավական լավ անվտանգություն ունեցող հավելվածները պաշտպանված չեն:

Արթուր Պապյան - Մենք գիտենք, որ ադրբեջանցիները պարբերաբար «Յանդեքս»-ը օգտագործում էին, օրինակ` պատերազմին Բաղրամյանից պատվեր էին գրանցում, որ նյարդայնացնեին վարորդներին:

Հիշեցնում է՝ օգտատերերի անձնական տվյալները կապիտալիզացնում են նաև Ֆեյսբուքը, Տիկտոկը, Յութուբը, Ինստագրամը. բոլորի դեպքում էլ կա արտահոսքի, տվյալների տարածման վտանգ: Հեռախոսների օպերացիոն համակարգերի թարմացումներին հետևելն այս դեպքում կարևոր է, հնարավորության դեպքում էլ Պապյանը խորհուրդ է տալիս հետևել իր օրինակին:

Արթուր Պապյան - Իմ հիմնական հեռախոսի մեջ ոչ մի հավելված չկա, դրանց համար այլ հեռախոս ունեմ, հիմա, օրինակ, հետս չի:

Հեղինակ` Իրինա Մկրտչյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում