Ոսկե և արծաթե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադաներից

ՆՆարե Ոսկանյան

Ոսկե, արծաթե մեդալներ և գովասանագրեր. Հայաստանը ներկայացնող թիմի հաջողություններն են աստղագիտության ու աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայում: Մոտ 300 մասնակից 49 երկրից առցանց ձևաչափով մասնակցել է մրցույթին: Կազմակերպիչն այս տարի Կոլումբիան էր:

Վարդգես Մամբրեյան (Աստղագիտության ու աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայում Հայաստանը ներկայացնող թիմի ղեկավար) - Մենք առաջին անգամ է, որ էս առարկայից ունենք ոսկե մեդալ: Ոսկե մեդալը բերել է Արտաշեսը, որը հիմա սովորում է Ռուսաստանում՝ Ֆիզտեխ համալսարանում: Եվ բերել ենք արծաթե մեդալ, որը բերել է Դավիթը, որը հիմա սովորում է Քեմբրիջում: Առաջին կուրսում են երկուսն էլ: Սովորաբար, էս օլիմպիադաներն անցկացվում են ամռանը, բայց այս տարի Covid-ի պատճառով աշնանն անցկացվեց:

Արտաշեսն ու Դավիթը դպրոցական տարիներին մասնակցել են տարբեր միջազգային մրցույթների: Համակարծիք են, որ արտերկրում սովորելիս միջազգային մրցույթներում ունեցած փորձն օգնում է ավելի հեշտ յուրացնել մասնագիտական գիտելիքները:

Արտաշես Գյոլեցյան (ոսկե մեդալակիր) - Իրականում օլիմպիադաների համար պարապելը շատ հետաքրքիր զբաղմունք է, շատ մարդկանց հետ ես ծանոթանում, նոր գիտելիքներ ես ձեռք բերում:

Դավիթ Գյուլամիրյան (արծաթե մեդալակիր) - Եթե հետաքրքրված ես առարկայով, օլիմպիադային պատրաստվելը քեզ շատ է օգնում, որովհետև օլիմպիադային պատրաստվելիս կսովորես այնպիսի բաներ, որոնք կա՛մ դպրոցում ուշ ես անցնելու, կա՛մ ընդհանրապես չես անցնելու, ուղղակի քեզ լավ նախապատրաստում է համալսարանի համար:

Օլիմպիադան անցկացվել է 4 փուլով՝ դիտողական, տեսական և 2 գործնական: Մարիան միջազգային օլիմպիադայի առաջին անգամ է մասնակցում: Ամենակարևոր բանը, որ սովորել է, կարճ ժամանակում բարդ խնդիրներ լուծելն է:

Մարիա Առաքելյան (աստղագիտության ու աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայի մասնակից) - Մենք սկսել ենք պարապել մեկ տարի առաջ, վերջին ամիսներին ավելի ինտենսիվ ենք պարապել: Նույնիսկ ամռանը թիմով գնացել ենք Բյուրականի աստղադիտարան ու էնտեղ ավելի լավ ծանոթացել աստղերին ու մոլորակներին:

Փորձը ու գիտելիքները կարևոր ձեռքբերումներ են, որ աշակերտն ունենում է օլիմպիադաներին մասնակցելիս՝ ասում է Վյաչեսլավը:

Վյաչեսլավ Պետրոսյան (աստղագիտության ու աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայի մասնակից) - Բավականին խիստ էր: Մենք մի սենյակում էինք ու տարբեր տեղերից կամերաներով հսկվում էր էդ ամենը: Մենք ունեինք խնդիրների քանակի համեմատ քիչ ժամանակ ու պետք է հասցնեինք էդ բոլորը գրել:

Թիմի ղեկավարի խոսքով՝ դպրոցականների շրջանում հետաքրքրությունը աստղագիտության նկատմամբ տարեցտարի մեծանում է, վստահ է՝ հաջորդ տարի ավելի լավ արդյունքներ կունենան:

Հեղինակ՝ Էլեն Սարգսյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում