11 ամսում բյուջեի եկամուտները կատարվել են 91.1%-ով

ԱԱրսեն Մկրտչյան

1 տրլն 410.4 մլրդ դրամ՝ այս տարվա հունվար-նոյեմբերին Հայաստանում այսքան հարկ և տուրք է հավաքվել: Ճշգրտված ցուցանիշով՝ տարվա կտրվածքով նախատեսված է հավաքել 1 տրլն 548.3 մլրդ դրամ, այս պահին պլանը կատարվել է 91.1 տոկոսով: 11 ամսվա ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է՝ 13.4, 2019-ի համեմատ՝ 7.3, իսկ 2018-ի համեմատ 27.7 տոկոսով:

Սերգեյ Բագրատյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Սա առաջին հերթին խոսում է հանրային վստահության մասին, որովհետև հանրային վստահություն է փոխանցվում գործարար շրջանակներին: Գործարարը չի կարող աճ արձանագրել, եթե չհավատա պետության դինամիկ զարգացմանը, չհավատա, որ մենք վաղվա լավ օր ենք ունենալու: Այսինքն՝ գործարարությունը լավագույն ցուցանիշն է, և այս հարկերի հավաքագրումը լավագույն ցուցանիշն է հանրային կարծիքների համար:

Տնտեսագետները մի փոքր այլ մոտեցում ունեն, տեմպից այնքան էլ գոհ չեն, բայց համոզված են՝ հարկերի հավաքման վրա դրականորեն կարող է ազդել գնաճը:

Հայկազ Ֆանյան (տնտեսագետ) - Շատ վառ օրինակ ա իրենից ներկայացնում պղինձը: Իրականում շատ դեպքերում պղնձի բնեղեն ծավալով արտահանումը նվազել է, սակայն գների աճի հաշվին մենք ավելի շատ ռոյալթի ենք գանձել և ավելի շատ այլ հարկեր ենք գանձել, քան կարող էինք գանձել այլ հավասար պայմաններում:
Այսինքն՝ նույնիսկ եթե տնտեսական աճը ցածր գրանցվի, սակայն գների աճի հաշվին հնարավոր լինի որոշակիորեն կատարել նախանշված հարկային հավաքագրումների մակարդակը:

Իշխող ուժի պատգամավորը հակադարձում է՝ գնաճը չի կարող որոշիչ գործոն լինել:

Սերգեյ Բագրատյան - Դինամիկան այնպիսին է, որ հնարավորություն չկա, որ գնաճով մենք կարողանանք խժռել ստացված եկամուտները:

Պետությունը, բացի հարկ հավաքելուց, բիզնեսին և քաղաքացիներին նաև բավականին մեծ գումար է վերադարձրել:

Սերգեյ Բագրատյան - Մենք միայն 2021 թվականին արդեն վերադարձրել ենք ավելացված արժեքի հարկի տեսքով գրեթե 400 մլրդ դրամ գործարար շրջանակին, սա շատ լուրջ գումար է, որպեսզի գործարար շրջանակները կարողանան գեներացնել լրացուցիչ հարկեր: Դրանից բացի, մենք եկամտային հարկի տեսքով այս տարի հիփոթեքների մասով 22.5 մլրդ դրամ վերադարձրել ենք քաղաքացիներին:

Տարվա վերջին ամսվա համար ակնկալիքները մեծ են. թե՛ Բագրատյանի, թե՛ Ֆանյանի խոսքով՝ դա ամենաակտիվ ամիսն է:

Սերգեյ Բագրատյան - Դեկտեմբեր ամիսը լավագույն ամիսն է հարկերի հավաքագրման իմաստով, և վստահ եմ, որ առնվազն կկատարվեն, հնարավոր է նաև՝ գերակատարվեն հարկային մուտքերը:

Հայկազ Ֆանյան - Դեկտեմբերը, որպես կանոն, ավելի բարձր տնտեսական ակտիվություն է ցուցաբերում, պայմանավորված նրանով, որ շատերը պատրաստվում են ամանորյա տոներին, բացի այդ, արտահանումն է ակտիվանում:

Եկող տարվա բյուջեով ակնկալվող եկամուտների ծավալն աննախադեպ բարձր է՝ 1 տրլն 946 մլրդ դրամ:

Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում