Ծավից հիմա չեն հեռանում, ժամանակին են գյուղից գնացել. ինչպես են ապրում Սյունիքի մարզի Ծավ գյուղում

ՆՆարե Թադևոսյան

Ծավը Սյունիքի այն 6 գյուղերից մեկն է, որ Կապան-Ճակատեն ճանապարհի փակվելուց հետո Կապանի հետ կապը պահում է Մեղրիով կամ նոր կառուցվող ճանապարհով:

Սարգսի ընտանիքը այդ նոր կառուցվող ճանապարհից արդեն օգտվել է, ասում է՝ դժվարանցանելի է դեռ, բայց՝ հնարավոր:

Սարգիս Հայրապետյան - Մարդ կա՝ ասում է՝ շրջափակման մեջ ենք, բայց դե, խնդիրները լուծում ենք էլի: 

Ճամփի խնդրից մինչև հացի խնդիր՝ Ծավից 350 կմ հեռու գտնվող երևանաբնակների անհանգստությունների մասին եմ հարցնում՝ հաց չե՞ք ունեցել:

Անի Վարդանյան (Ծավ գյուղի բնակիչ) - Տենց բան ընդհանրապես չի եղել, ամոթ էլ է: Գեղեցիկ ապրում ենք, կարող եմ ասել՝ ավելի լավ:

Սարգիս Հայրապետյան - Մեկ է՝ լրիվ տեղերն էլ սահման է:

Անի Վարդանյան - Պատերազմի ժամանակ ես երեխաներիս հետ էստեղ եմ եղել, նոր ծնված: Ես մնացել եմ գյուղում:

8 տարեկան Գուրգենը հիշում է այդ օրերը, գիտի՝ սահմանամերձում է ապրում, որոշել է՝ զինվոր է դառնալու:

Անիին երեխաների անվտանգության հետ կապված վախերից եմ հարցնում, ասում է՝ վախեր չեն, անհանգստություններ են:

Անի Վարդանյան - Իրենք իրենց նորմալ կյանքով ոնց ապրել են, ապրում են, դասի են գնում-գալիս, բակ են գնում, ինչի՞ց վախենան:

Գյուղի Մանկապարտեզը գործում է՝ ընթացիկ տարում է վերանորոգվել, դպրոցի վերանորոգումն էլ ընթացքի մեջ է:

Յուրի Մարտիրոսյան (Ծավի միջնակարգ դպրոցի տնօրեն) - Պատուհանները նոր ենք փոխել՝ Կառավարության ծրագրով, Համահայկական հիմնադրամի հետ տանիքն ենք փոխելու:

Յուրի Մարտիրոսյանը 22 տարի դպրոցում է աշխատում, 10 տարի է՝ դպրոցի տնօրենն է: Դպրոցում հիմա սովորում է 27 աշակերտ, աշխատում՝ 15 ուսուցիչ, բոլորը ծավեցիներ: Ինքը շաբաթ-կիրակի կոստյումը փոխում է շինարարական հագուստով՝ գյուղում հանգստյան գոտի է ստեղծում:

Անցած տարվանից արդեն ունենք հյուրեր: Ամենահամով ձուկն ունենք՝ Ծավի ձուկը:

Հիմա այս տարածքն եմ ուզում մեծացնել, այստեղ կտնկվի կիվի, խաղող. կիվին մեր գյուղում լավ է ստացվում, նոր բան ենք ստացել՝ կիվիի համեղ մուրաբաներ, խաղողից մեր տեղական օղին կունենանք: Կգան, կբացահայտեն, կճանաչեն մեր երկիրը ավելի շատ:

Շարունակում է՝ կիմանան Ծավի տեղը, բնությունը, ու գուցե նաև որոշեն մնալ: Ծավից հիմա չեն հեռանում, ժամանակին են գյուղից գնացել՝ ասում է գյուղի 240 բնակիչներից տիկին Ռիման, որին խանութից տուն գնալու ճանապարհին հանդիպեցինք:

Ռիմա Ավագյան - Գյուղից չեն գնում, ինչ առաջ գնացել են գործի պատճառով, հիմա մյուսները էստեղ են, էստեղ գործ կա՝ դպրոց մանկապարտեզ, բուժկետ... փուռ:

Ծավի փռում թխվող լավաշը միայն Ծավում չէ, որ հայտնի է՝ Կապան, Քաջարան:

Մելանյա Ավետիսյան - Առաջին աշխատողն եմ: 6 տարի է:

Օրական 300-400 լավաշ են թխում, մինչև ճանապարհի փակվելը՝ ավելի շատ, որ Կապան ու Քաջարան էլ տանեին: Հիմա միայն 6 գյուղերին են սպասարկում, բայց շուտով էլի Ծավի լավաշը կհասնի մինչև Քաջարան:

Վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանի միջնորդությամբ ՄԱԿ-ի զարգացման ծրագրով Հացի փուռը նվեր է ստացել ՈՒԱԶ:

Երեքշաբթի այդ մեքենան պիտի բերեն գյուղ:

Սկսել են լավաշից, հետո սկսել թխել նաև մատնաքաշ ու այլ տեսակի հացեր:
6 տարի առաջ Ռուսաստանից է տնօրենը՝ Արսենը տեղափոխվել Ծավ:

Արսեն Աղաջանյան (Ծավի փռի տնօրեն) - Գյուղերի հացը գալիս էր Կապանից, մեքենան բերում էր հիմնականում անորակ հաց:

Հիմա ու արդեն մի քանի տարի Կապանից գյուղեր հաց բերելու կարիք չկա:

Մենք 3 անգամ շատ գյուղերի կարող ենք ապահովել 44-օրյա պատերազմին մենք հաց ենք մատակարարել նաև դիրքերին: Բացված օրվանից փուռը չի փակվել ոչ մի օր:

Մելանյա Ավետիսյան - Էս փուռը էս օրերին հեչ կանգնել է, թե չէ:

Չէէ մեր փուռը չի կանգնել, թեկուզ կռվի ժամանակ՝ 44-օրյա, մի օր չի կանգնել, հիմա ինչի՞ պիտի կանգնենք: Միշտ էլ հաց է եղել, միշտ էլ թխել ենք:

Ասատրյան Վարդանուշ - Ամենաքիչը 120 հաց եմ թխում, մատնաքաշ ու բատոն, խմորի հետ խոսում, լավ եմ զգում:

Պարզիկ Միքայելյան - Սկզբում ձեռքով էինք անում, դժվար էր, հիմա արդեն սենց ավտոմատացված, արդեն լավ է, հեշտ է:

Ամենադժվարը անց ենք կացրել պատերազմի օրերին, հիմա ճանապարհը փակելը էդպես մեծ դժվարություն չի առաջացրել: Նույնիսկ էդ օրերին ոչ մեկը չգնաց ոչ մի տեղ:

Մի քանի տարի առաջ էլ գյուղում 90 տնտեսություն կար, հիմա էլ:

Սեյրան Զաքարյան (Ծավի գյուղապետ) - Սա առաջին անգամ չէ, 90-ականներին էլ է ճանապարհը փակվել նույն հատվածում, մենք նորից տեղաշարժվել ենք Գեղանուշի ճանապարհով: Ճիշտ է՝ մի փոքր անհանգստություն կա, բայց չի կարելի ճամպրուկային տրամադրություն ասել. բոլորը տեղում են իրեն գործով, տնտեսությունուվ:

Տաք լավաշով ճանապարհեցին նաև մեզ, մենք էլ խոստացանք՝ վերադառնալ՝ Ծավի ձուկ և Ծավում աճած կիվիի մուրաբա համտեսելու համար:

Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում