Խաչատուր Սուքիասյանը Սերժ Սարգսյանի արժանապատվությունը արատավորելու դիտավորություն չի ունեցել

ՎՎարդան Հովսեփյան

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Սերգեյ Սահակյանի նախագահությամբ այսօր սկսվեց Սերժ Սարգսյանն ընդդեմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի գործով դատական նիստը: Այս գործով պատասխանող է նաև Ազգային ժողովի աշխատակազմը:

Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը հայտարարեց՝ պահանջում են, որպեսզի Սուքիասյանը խորհրդարանի ամբիոնից հերքի Սերժ Սարգսյանի մասին արված արտահայտությունները:

Սերժ Սարգսյանի փաստաբան Վահագն Գրիգորյան - Մեր պահանջն է պարտավորեցնել Խաչատուր Սուքիասյանին՝ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո ԱԺ ամբիոնից ուղիղ եթերով բանավոր հերքել զրպարտություն հանդիսացող «բոլորդ լավ գիտեք՝ երրորդ նախագահը 100 մլն դոլարից ավելի կազինոներում կրվել ա նույն Բադեն-Բադենում» արտահայտությունը:

Այս եղանակով հերքում տարածելու անհնարինության դեպքում Սարգսյանի փաստաբանը պահանջում է նաև, որ Սուքիասյանը նույն հերքման տեքստը հրապարակի առնվազն 1000 տպաքանակ ունեցող ԶԼՄ-ում, իսկ ԱԺ աշխատակազմն այն հրապարակի իր պաշտոնական կայքում:

Վահագն Գրիգորյան - Եվ երրորդ պահանջը՝ Խաչատուր Սուիքասյանից բռնագանձել 1 մլն դրամ՝ որպես զրպարտության դիմաց փոխհատուցում։ Ընդ որում՝ հայցադիմումի մեջ նշել ենք և այս պահին էլ պնդում ենք, որ հայցվորի կողմից ողջ գումարը անմիջապես ամբողջությամբ կփոխանցվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:

Սուքիասյանի ներկայացուցիչ Աննա Տոնոյանն էլ նշեց, որ իր վստահորդի արտահայտությունները եղել են գնահատող դատողություններ։

Խաչատուր Սուքիասյանի ներկայացուցիչ Աննա Տոնոյան - Սույն դեպքում առկա է գերակա հանրային շահ, քանի որ Խաչատուր Սուքիասյանի արտահայտությունները լրացրել են արդեն իսկ ընթացքի մեջ գտնվող բանավեճը, նրա ներկայացրած տեղեկությունը վայելում է հասարակական լայն հետաքրքրություն, քննարկվող ավելի քան մեկ տասնյակ տարի, ուստի այդ տեղեկությունը մտնում է ազատ խոսքի հատուկ պաշտպանության տակ և չի կարող հանգեցնել պատասխանատվության:

Փաստաբանը հավելեց՝ Խաչատուր Սուքիասյանը Սերժ Սարգսյանի պատիվը և արժանապատվությունը արատավորելու դիտավորություն չի ունեցել:

Եզրափակելով՝ պատասխանողի ներկայացուցիչն ասաց՝ Խաչատուր Սուքիասյանը Սերժ Սարգսյանին չի մեղադրել որևէ հանցանքի կամ զանցանքի կատարման համար, ուստի խնդրեց հայցը մերժել: Գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա մյուս տարի՝ հունվարին:

Նշենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեում Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում Բադեն-Բադեն կատարած թռիչքներին առնչվող քրեական գործ է քննվում, որի շրջանակում նա դեռ որևէ կարգավիճակ չունի և չի հարցաքննվել:

Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում