Դելիմիտացիայի և դեմարկացիայի փուլ մտնելու համար երկրում պետք է ստեղծել ներդաշնակ և կայուն իրավիճակ. Անդրանիկ Քոչարյան

ԳԳոհար Սարգսյան

Նման լարվածություններ միշտ մեզ ուղեկցելու են մինչև վերջնական խնդիրների լուծումը, որն իրականություն կդառնա, երբ մտնենք դելիմիտացիայի և դեմարկացիայի փուլ: Այս մասին այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով սահմանային լարվածության մասին հարցին:

«Այդ փուլ մտնելու համար երկրում պետք է ստեղծել ներդաշնակ և կայուն իրավիճակ»,- ասաց Քոչարյանը:

Նա շեշտեց, որ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացը խիստ անհրաժեշտ է:

«Հայաստանի Հանրապետությունը բազմիցս հանդես է եկել հավաստիացմամբ, որ դրան Հայաստանը կողմ է: Մենք շահագրգռված ենք, որ դա օր առաջ սկսվի, որպեսզի հստակություն մտնի՝ զրոյական կետը որտեղ է, և այդ կետի շուրջ բանակցություններից հետո պետք է տեղի ունենան նաև այն խնդիրների լուծումները, որոնք կապված են առաջնագծի ինժեներական կառույցների կահավորման հետ»,- ասաց Քոչարյանը:

Քոչարյանը մանրամասնեց, թե ինչ է նշանակում «զրոյական կետ»:

«Դա այն իրավական հենքն է, որտեղից պիտի ասես՝ տվյալ գիծը որտեղով պիտի անցնի, անցել է, թե չի անցել»,- ասաց նա:

Անդրադառնալով այն հարցին, թե ո՛ր քարտեզներով է կատարվելու գործընթացը, և խոսելով թեմայի վերաբերյալ հանրային հետաքրքրվածության մասին՝ Անդրանիկ Քոչարյանը վստահեցրեց, որ որևէ բան գաղտնի չի լինելու:

«Որևէ բան գաղտնի չի լինելու, բայց ինչ-որ պահից: Ինչ-որ պահի հասնելու պրոցեսում շատ բան լինելու է գաղտնի: Գործընթացն այդպիսին է»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում